Ո՞վ է Վահե Դավթյանի «Գարուն» երգի հեղինակը. Նա մահացել է երիտասարդ տարիքում


Ո՞վ է Վահե Դավթյանի «Գարուն» երգի հեղինակը. Նա մահացել է երիտասարդ տարիքում
Օգոստոս 5 18:51 2019

Երկարատեւ հիվանդությունից հետո օգոստոսի երեքին մահացավ  1990-ականների հայտնի եւ սիրված երգիչ Վահե Դավթյանը: Երգչի մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։

Վահե Դավթյանի սիրված կատարումներից էր նաեւ «Գարուն» երգը, որի հեղինակն էր Վահե Ս Մինասյանը:  Երգի հեղինակը, սակայն 18  տարեկանում մահացել է:  Նա ծնվել էր 1981 թվականի հունվարի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղում: 1986-1987 ուս. տարում ընդունվել էր Նորաշենի Ավ. Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարան: ՈՒսումնառության տարիներին աչքի է ընկել ուսումնական բոլոր առարկաների հանդեպ մեծագույն հետաքրքրասիրությամբ: 

Մշտապես զբաղվել է տարբեր սպորտաձևերով, հաճախել կարատեի և շախմատի խմբակների, ունեցել է հաջողություններ մրցումներում: Ստեղծագործում էր, սիրում էր նկարել: 1996-1997 ուս. տարում ավարտել է Նորաշենի միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով: Միաժամանակ հաճախել է տեղի երաժշտական դպրոցը և 1996 թվականին ավարտել դպրոցի դաշնամուրային դասարանը: 1991 թվականին Արտաշատում տեղի ունեցած դաշնակահարների մրցույթում գրավել է 2-րդ մրցանակային տեղը, արժանացել պատվոգրի:

Վահե Մինասյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ 

«Լուսե ակորդ», «Երազներ», «Քամի», «Գարուն», «Վալս» «Վերջին աղոթք», «Խաղ-կատակ»: Երգերը գրվել են  հեղինակի կյանքի վերջին երկու տարիներին՝ 1996-1998 թթ: