Ինչպե՞ս է փոխանցվում բրուցելոզը եւ ինչո՞վ է այն վտանգավոր


Ինչպե՞ս է փոխանցվում բրուցելոզը եւ ինչո՞վ է այն վտանգավոր
Հուլիս 28 00:11 2019

Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն հիվանդ կենդանուց։

Մարդ կարող է հիվանդանալ հիվանդ կենդանու հետ անմիջական շփման մեջ մտնելուց՝ կենդանուն խնամելիս, հատկապես, եթե մարդու մաշկին քերծվածք, վերք կա։ Վարակը կարող է անցնել նաեւ մարդու լորձաթաղանթ։ Բացի այդ, մարդ կարող է վարակվել հիվանդ կենդանու միսը կամ  կաթնամթերքն օգտագործելիս։

Հարկ է նշել, որ այս հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Որոշ ժամանակ՝ 7-14 օր, հիվանդությունն առանց որեւէ ախտանշանի է ընթանում։ Ապա ի հայտ են գալիս դրան բնորոշ նշանները՝ մկանային եւ հոդերի ուժեղ ցավ, մարմնի բարձր ջերմաստիճան՝ 38-40° С, թուլություն, առատ քրտնարտադրություն, քնի, ախորժակի խանգարումներ, լիմֆատիկ հանգույցների մեծացում։

Բրուցելոզը վնասում է նյարդային համակարգը, կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների, ընդհուպ մինչև հաշմանդամություն։

Բրուցելոզը բուժվում է, սակայն անհրաժեշտ է համապատասխան բուժզննում, բուժում անցնել եւ լինել բժշկի հսկողության տակ։

Աղբյուր՝ Բուժինֆո