Ինչով է վտանգավոր D վիտամինի ավելցուկը


Ինչով է վտանգավոր D վիտամինի ավելցուկը
Ապրիլ 11 20:11 2019

Գիտնականները պարզել են, որ D վիտամինի գերդոզավորումն այնքան վտանգավոր է, որքան դրա պակասը: Տորոնտոյի համալսարանի մասնագետ Բորն Օգյուստը նշել է, որ D վիտամինով թունավորումը հազվադեպ է տեղի ունենում՝ հաշվի առնելով վտանգավոր դոզայի եւ սովորաբար ընդունվող դոզայի միջեւ առկա տարբերությունը:

Սակայն հաշվի առնելով այն, որ այս վիտամինն ազատ վաճառվում է դեղատներում, մասնագետը նշում է, որ այն կարող է վտանգավոր լինել՝ գերդոզավորման առումով:

Մասնագետները ներկայացրել են կանադացի տղամարդու պատմությունը, ով դիմել է բժշկի՝ երիկամային խնդիրներով: Սովորական ստուգումներն ու անալիզները որեւէ խնդիր ցույց չեն տվել:

Սակայն տղամարդու արյան մեջ D վիտամինի մեծ քանակ է հայտնաբերվել: Պարզվել է, վերջին երեք տարիներին նա ահռելի քանակով վիտամին է ընդունել, թեեւ օրգանիզմում այս վիտամինի պակաս չի եղել:

Եւ երբ տղամարդը ճամփորդել է Ասիա, որտեղ արեւի տակ շատ ժամանակ է անցկացրել, նրա մոտ լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, քանի որ արևի ճառագայթներից օրգանիզմում D վիտամին է սինթեզվում:

Տղամարդուն հատուկ սննդակարգ են նշանակել, մաքրել օրգանիզմը, սակայն երիկամների ֆունկցիան ամբողջովին վերականգնել չի հաջողվել, այժմ նա երիկամային քրոնիկ հիվանդություն ունի:

Աղբյուր՝ Բուժ ինֆո