Կեսարյան հատումից հետո ավելի շատ են բարդացումներ լինում, քան բնական ճանապարհով ծննդաբերությունից հետո, հատկապես՝ 35-ից բարձր տարիքի կանանց մոտ:
Այս մասին կատարված գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Canadian Medical Association Journal հանդեսում:
Նշվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում կեսարյան հատումների քանակը կտրուկ բարձրացել է, կանանց 20 տոկոսը կեսարյան հատման են դիմում բժշկական ցուցումով, իսկ ահա մնացածը՝ առանց ցուցման:
Այժմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կեսարյան հատումից հետո ավելի շատ են բարդացումներ առաջանում:
Ուսումնասիրության հեղինակ Դայան Կորբը նշում է, որ հաճախ խնդիրը ոչ թե վիրահատական միջամտությունն է, այլ հիվանդությունը, որը կեսարյան հատում անելու պատճառ է եղել:
Ֆրանսիացի գիտնականները ուսումնասիրել են 1444 կնոջ տվյալներ, ովքեր ծննդաբերությունից հետո բարդություններ են ունեցել եւ 3464 կնոջ, ովքեր չեն ունեցել բարդություններ: Այս խմբերում չեն ներառվել կանայք, ովքեր հղիության ընթացքում առողջական այլ խնդիրներ են ունեցել, որոնք կարող էին հետագայում բարդացումներ առաջացնել:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր կեսարյան հատման միջոցով են երեխա լույս աշխարհ բերել, ավելի հաճախ են բախվում մի շարք հետծննդաբերական բարդությունների, հատկապես՝ 35 տարեկանից հետո:
35 տարեկանից հետո կեսարյան հատումով երեխա ունենալուց հետո բարդությունների վտանգը մեծանում է կրկնակի՝ ի տարբերություն բնական ճանապարհով ծննդաբերության: Առավել վտանգավոր բարդություններից նշվում է հետծննդաբերական արյունահոսությունը, ինչը պայմանավորված է տարիքի հետ արգանդի կծկողականության նվազումով։
Մասնագետները նշում են, որ գինեկոլոգները, բժիշկները պետք է վերանայեն կեսարյան հատման ցուցումները, հատկապես՝ 35 տարեկանից բարձր կանանց դեպքում:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










