Մեր օրերի ամենահայտնի ու դաժան մարդակերները. ինչպիսի կենսակերպի արդյունքում են նրանք այդպիսին դարձել


Մեր օրերի ամենահայտնի ու դաժան մարդակերները. ինչպիսի կենսակերպի արդյունքում են նրանք այդպիսին դարձել
Ապրիլ 3 00:23 2019

Գրեթե բոլոր կրոններում հստակ պատկերացումներ կան այսպես կոչված արգելված սննդի մասին: Օրինակ՝ հինդուսներին արգելվում է տավարի միս ուտել, սակայն թույլատրվում է խոզի միսը. հակառակ պատկերն է մահմեդականների մոտ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ աշխարհի բոլոր ազգերը յուրաքանչյուր կենդանի բան երկու տեսակի են դասում՝ այն, ինչ կարելի է ուտել, և այն, ինչ չի կարելի, այդ իսկ պատճառով աշխարհի բոլոր նորմալ խոհանոցներում արգելվում է մարդու միս օգտագործել: Սակայն այդ արգելքը որոշ մարդիկ խախտում են՝ իրենց հանդեպ ձևավորելով շրջապատի զզվանքն ու վախը: Եկեք ծանոթանանք նման մարդկանց հետ:

 

Քևին Ռեյ Անդերվուդ

Պարոն Անդերվուդը ծնվել է 1979 թ. դեկտեմբերին: Աշխատել է մթերային խանութում և շարքային ամերիկացու կյանք է վարել, մինչև որ 2006-ին ձերբակալվեց Օքլահոմա նահանգում 10-ամյա աղջնակ Ջեյմի Ռոոզ Բոլինի սպանության համար:

Անդերվուդն ու Բոլինն ապրում էին նույն բազմաբնակարան տանը: 13 տարի առաջ՝ ապրիլի 17-ին, ոստիկաններն աղջնակի մարմնի մնացորդները հայտնաբերեցին պլաստիկ տարայում, որը պահված էր Քևինի սենյակում: Մարդասպանը դիմադրություն ցույց չտվեց հետախույզներին ու պատմեց, որ տախտակով ծեծելով մահվան է հասցրել աղջկան, մերկ ձեռքերով խեղդել, այնուհետև փորձել է գլխատել, որպեսզի հեշտությամբ կարողանա մասնատել և ուտել նրան: Հետաքննիչները հանցանքի վայրում հայտնաբերեցին մուրճ, որը նախատեսված էր միս ծեծելու համար, և խորովածի շամփուրներ:

Մարդիկ, որոնք լավ էին ճանաչում Անդերվուդին, համարում էին նրան հանդարտ, ձանձրալի ու հուսալի երիտասարդ: Ինքը՝ Քևինը, որպես կատակ, համացանցում քննարկում էր կաննիբալիզմի թեման, ինչպես նաև հետաքրքրվում էր, թե ինչ կլինի, եթե հակադեպրեսանտներ ընդունի:

2008 թ. փետրվարին կայացած դատական նիստի ընթացքում Անդերվուդը խոստովանեց, որ իր պլանը խորամանկ էր ու սարսափելի՝ առևանգել մարդուն, բռնաբարել նրան, խոշտանգումների ենթարկել ու սպանել, ապա գլխատել, արնաքամ անել, բռնաբարել դին, ուտել միսը, իսկ ոչ ուտելի մնացորդները թաղել որևէ տեղ: Սակայն ամենից շատ Քևինը ցանկանում էր «նորմալ մարդ դառնալ»: Դատական նիստը տևեց ընդամենը 23 րոպե, և դատարանը մահապատժի դատապարտեց հանցագործին մահացու ներարկման եղանակով:

Ռոբերտ Ջոն Մոդսլի

Հանիբալ Լեքթերի գրական կերպարի նախատիպերից մեկը՝ Ռոբերտ Ջոն Մոդսլին, ծնվել է 1953 թ. ամռանը Լիվերպուլում՝ բազմազավակ ընչազուրկ ընտանիքում: Կյանքի առաջին 8 տարիներն անց է կացրել «Նազարեթ» մանկատանը, միանձնուհիների հսկողության ներքո:

Վերադառնալով տուն՝ փոքրիկ անգլիացին՝ ապագա սերիական մարդասպանը, պարբերաբար ծեծի էր ենթարկվում հոր կողմից, ատում էր սեփական ընտանիքը, այդ իսկ պատճառով վաղ թե ուշ փողոցը նախընտրեց հորական տնից և սկսեց թմրամիջոցներ օգտագործել: 1960-ականների վերջին Ռոբերտը որոշեց կյանքի ու հաճույքների համար գումար վաստակել մարմնավաճառության միջոցով: Մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հայտնվել է հոգեբուժական կենտրոններում: Ծնողների նկատմամբ ատելությունն արատավորել էր Ռոբերտի մտածողությունը, և նրա առաջին զոհը 1973-ին դարձավ պեդոֆիլ Ջոն Ֆարելը, ով լուսանկարել էր Ռոբերտին և ցանկանում էր այդ լուսանկարները ցույց տալ այն երիտասարդներին, որոնց հետ Ռոբերտն ընկերություն էր անում: Կատաղության պահին Ռոբերտը խեղդամահ արեց պեդոֆիլ-հաճախորդին, որը ծաղրում էր իրեն:

Դատարանը Ռոբերտ Մոդսլիին ցմահ ազատազրկման դատապարտեց: Նման որոշման հիմքն այն էր, որ պեդոֆիլի գանգը բացված էր, և նրա ուղեղի մի մասը չկար. քննիչը որոշել էր, որ Մոդլսին նաև մարդակերությամբ է զբաղվում:

1977 թ. Բրոդմուր կոչվող փակ հոգեբուժարանում Ռոբերտը մեկ այլ հոգեկան հիվանդի՝ Ջոն Չիզմենի հետ միասին և մի սպանություն կատարեց: Նրանք գերի էին վերցրել անչափահասների բռնաբարողի և երկար՝ մինչ մահ խոշտանգել էին նրան, ինչից հետո Մոդսլին բացել էր պեդոֆիլի գլուխը ձվի նման և գդալով «ճաշակել էր» ուղեղը:

Մեկ տարի անց հանցագործությունների ռեցիդիվ ունեցող Ռոբերտը սպանեց ևս երկու դատապարտյալների: Առաջինը սեռական մոլագար Ս. Դարվուդն էր: Մոդլսին նրան իր խուց էր հրավիրել, որտեղ խեղդամահ էր արել, կտրել մարմինը և թաքցրել մահճակալի տակ: Ինչ-որ տեղից նրա մոտ դանակ էր հայտնվել, ասում են՝ ինքն էր պատրաստել: Նույն օրը երկրորդ զոհը դարձավ ոմն Բիլ Ռոբերթս, ում գլխին զենքով հարվածել էր Ռոբերտը, ապա գլուխը պատի վրա կոտրել: Այս ամենից հետո նա հանդարտ քայլվածքով գնացել է հերթապահի մոտ և սեղանին դրել դանակը, իբր թե հետագա հանցագործություններն ու մարդակերությունը դադարեցնելու նպատակով: Մոդսլիին հատուկ խուց տեղափոխեցին, որը պատրաստված էր ամենաամուր օրգանական ապակուց ու ուներ ստվարաթղթե կահույք, բետոնե նստարան: Այս խուցը հետագայում որպես նախատիպ է ծառայել Հանիբալ Լեքթերի կերպարի խցի համար:

2000 թ. Մոդսլին «Թայմս» օրաթերթում գրառում կատարեց, որով խնդրում էր իրեն՝ Անգլիայի ամենամիայնակ մարդուն, թույլ տալ դասական երաժշտություն լսել և թութակ պահել: Մերժման դեպքում աղաչում էր իրեն ցիանիդով պարկուճ տալ, քանի որ կյանքը նրան այլևս չէր հետաքրքրում:

2008 թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Մոդլսին խիստ հյուծվել է, հրաժարվում է սնունդ ու ջուր ընդունել և մոտ է մահվանը: Նրան ամեն օր բժիշկ էր այցելում: Մոդլսին «Գառնուկների լռությունը» ֆիլմի մասին ոչինչ չգիտեր: Բանտապահներից մեկը, ով 25 տարի շարունակ հսկել է Ռոբերտին, գրում է, որ նա իրականում ոչ ոքի ուղեղը չի կերել... Ինչպե՞ս իմանալ այսքան տարիների հնություն ունեցող ճշմարտությունը:

Blognews.am