Կենսակերպի երկու փոփոխություն կարող է զգալիորեն բարելավել սրտի առողջությունը։ Ամերիկյան սրտաբանների կոլեգիայի (American College of Cardiology’s 68th Annual Scientific Session) ամենամյա նիստի ժամանակ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առաջ եւ լավ նախաճաշում են, սրտի հետ կապված ավելի քիչ խնդիրներ են ունենում, մասնավորապես՝ երակների կարծրությունն, ինչը բերում է սրտանոթային հիվանդությունների, ավելի քիչ է լինում։
Գիտափորձին մասնակցել են Հունաստանի 2 000 բնակիչ՝ 40-99 տարեկան, ինչպես առողջ, այնպես էլ սրտանոթային հիվանդությունների ռիսկային գոտում գտնվողներ։ Նախ, արվել է հեռուստացույցի հետ կապված գիտափորձ։ Մասնակիցներին երեք խմբի են բաժանել, որոնցից մեկը քիչ ժամանակ է անցկացրել հեռուստացույցի դիմաց օրվա մեջ, մյուսը՝ միջին քանակի, երրորդը՝ շատ։
Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի դիմաց նստած, ավելի հակված են սրտանոթային հիվանդությունների, քան մյուսները։
Մյուս գիտափորձը կապված է եղել նախաճաշի հետ։ Կրկին երեք խմբի են բաժանվել մասնակիցները։ Եւ պարզվել է, որ նրանք, ովքեր կալորիական սնունդ ստանում են նախաճաշին, ոչ թե ճաշին կամ ընթրիքին, ավելի քիչ են բախվում սրտանոթային հիվանդությունների հետ, քան մյուսները։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










