Արարատի մարզը դարձել է հսկա ճաշաման, որից օգտվում են մարզպետի մերձավորները. (տեսանյութ)


Արարատի մարզը դարձել է հսկա ճաշաման, որից օգտվում են  մարզպետի մերձավորները. (տեսանյութ)
Փետրվար 4 14:00 2019

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում հունվարի 29-ին տեղի է ունեցել տնօրենի ընտրություն՝ և ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը:

«Հոկտեմբերի 25-ին դպրոցի գործող տնօրենն անցավ թոշակի, որից հետո մենք հայտարարեցինք դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ։ Այդ ընթացքում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում, մարզպետարանի լիազոր մարմինը փոխեց իր ներկայացուցիչներին՝ Սիմոնյան Նելլին մնաց նույն կազմում, իսկ Մարգարյան Մարոն եկավ փոխարինելու լիազոր մարմնի նախորդ ներկայացուցչին։ Փոխվեց նաև Կրթության և գիտության նախարարության թեկնածուն, ում հաջորդեց Գևորգյան Մհերը, որը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին եղել է «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետը Մրգավետ համայնքում։ Մյուս թեկնածուն ևս փոխվեց, ում հաջորդեց Հովհաննես Պողոսյանը՝ դառնալով դպրոցի կառավարման խորհրդի անդամ, իսկ Արևիկ Թարվերդյանը Պողոսյան Հովհաննեսի հարսն է» ,-ասաց նա:

Արշակյանը նշեց, որ նոյեմբերին  երբ ՀՀ-ն պատրաստվում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների,  «Իմ քայլը» դաշինքի շտաբը տեղակայված է եղել  դպրոցի տնօրենի թեկնածու առաջադրված Արևիկ Թարվերդյանի բակում, իսկ շտաբի պետ է ընտրվել Մհեր Գևորգյանը։

Լուսին Արշակյանը  կատարված փոփոխությունները պատահականություն չի համարում:

«Պատահականությո՞ւն է արդյոք, որ ամբողջ գյուղից դպրոցի կառավարման խորհուրդ ներմուծվեց նաև Հովհաննես Պողոսյանը և Պողոսյան Անդրանիկը, վերջինս, ի դեպ, չունի բարձրագույն կրթություն և կրթական ոլորտի հետ որևէ կապ»,-ասաց նա:

Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահը վստահ է, որ  այդ ընտրությունները դեռևս նոյեմբեր ամսից են եղել պլանավորված:

«Չէի ուզենա, որ Արարատի մարզում շարունակվեին ուղղորդված և սլաքավորված դպրոցի տնօրենների ընտրությունները։ Օրինակ՝ Արարատի թիվ 1 դպրոցը չունի դպրոցի տնօրեն, ժամանակային գոտի է արդեն խախտվել։ Արդեն կան խոսակցություններ, որ Ավշարի դպրոցում, որտեղ պետք է կայանա դպրոցի տնօրենի ընտրություն, թեկնածուների անունները հույժ գաղտնի են պահվում, և կան խոսակցություններ, որ հնարավոր է կամ հավանական է, որ տնօրեն ընտրվի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի քեռու հարսը։ Չէինք ակնկալում, որ Արարատի մարզը պետք է դառնա հսկա ճաշաման, որից պետք է հերթական անգամ օգտվեն մարզպետի մերձավորները»,-ասաց Արշակյանը: