Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով․ Իրինա Յոլյան


Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով․ Իրինա Յոլյան
Հոկտեմբեր 30 23:31 2026

Ասում են՝ իմ ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանք նեղվել են և պատրաստվում են ինձ դատի տալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

«Իմ ելույթում խոսել եմ համակարգային կոռուպցիայի մասին։ Սովորաբար, առանձին անձանց չեմ անդրադառնում, որովհետև խնդիրը միայն անձերի մեջ չէ, այլ ձևավորված համակարգի, որտեղ պետական և համայնքային միջոցների տնօրինման գործընթացներում բազմաթիվ հարցեր կան։

Բայց տեղեկացա, որ մի շարք համայնքների ղեկավարներ, նույնպես, որոշել են ինձ դատի տալ։

Ես չէի ցանկանում հերթով անդրադառնալ ձեզ, ձեր հարազատների անուններով հիմնադրված և ձեզ հետ փոխկապակցված ընկերություններին, այդ ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված տենդերներին և դրանց շուրջ առաջացած հարցերին, բայց, եթե դուք ինքներդ եք ստիպում, ապա ստիպված կլինեմ դա անել ավելի մանրամասն՝ անուններով, ընկերություններով, պայմանագրերով և փաստաթղթերով։

 

Ես պատրաստ եմ իմ յուրաքանչյուր հրապարակային պնդման համար պատասխան տալ։

Փաստերով, եթե ներկայացնեմ, թե ինչպես եք ձեզ հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով դարձել պետական և համայնքային տենդերների հիմնական շահառուներ, պատրա՞ստ եք այդ ճանապարհով ստացված գումարները վերադարձնել պետությանը։

 

Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով», - նշել է նա։