Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանը այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել երգչուհուն և նրան հայերեն սովորեցրել:
«Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Նրանց շնորհիվ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,- պատմել է Հարութը:
«Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր: Տեսնվեցինք նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,-ներկայացրել է Հարութը:
Հարութ Մարկոսյանի և Նատալիա Օրեյրոյի բազմաթիվ հայ երկրպագուների երազանքն իրականություն է դարձել: Երգչուհին Հայաստանում մենահամերգով հանդես կգա ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:










