Մանկական ավտոբազկաթոռները վթարների դեպքում մահվան հավանականությունը 80 տոկոսով նվազեցնում են. (տեսանյութ)


Մանկական ավտոբազկաթոռները  վթարների դեպքում  մահվան հավանականությունը 80 տոկոսով նվազեցնում են. (տեսանյութ)
Հունվար 23 12:25 2019

Մանկական ավտոբազկաթոռների (baby car seat) օգտագործումը կարող է 50 տոկոսով նվազեցնել ավտովթարների դեպքում երեխաների ծանր վնասվածքներ ստանալու և դրանց հետևանքով մահվան հավանականությունը, եթե ավտոբազկաթոռը տեղադրված է վարորդի կողքին, և ամբողջ 80 տոկոսով, եթե այն հետևի նստատեղին է:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանի մանկական հիվանդանոցներում ամբողջ տարվա ընթացքում կարելի է մեծ թվով երեխաների տեսնել ծանրագույն վնասվածքներով, այդ թվում՝ գանգ-ուղեղային, որոնք ստացել են վթարների հետևանքով: Ավտոբազկաթոռները կկարողանային օգնել խուսափել այս վնասվածքների մեծամասնությունից: Ավտոբազկաթոռները կարող են զգալիորեն մեծացնել ցանկացած վթարի դեպքում երեխայի ապրելիության և անվնաս մնալու հնարավորությունները, ուստի դրանց նշանակությունը չի կարելի թերագնահատել»,-ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ առաջարկվում է մինչև 7 տարեկան երեխաներին ավտոմեքենաներով տեղափոխել միայն հատուկ ավտոբազկաթոռների մեջ նստած, որը կհամապատասխանի նրանց հասակին և քաշին, իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաներին՝ կա՛մ համապատասխան ավտոբազկաթոռների մեջ նստած, կա՛մ անվտանգության ամրագոտին կապած:

Հարցին, թե որոշ կազմակերպությունների համար կարո՞ղ է այն շահավետ բիզնես դառնալ, նախարարը պատասխանեց.

«Ջրի վաճառքը շատ շահավետ բիզնես է, բայց և շատ կարևոր է առողջության համար»: