Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում (տեսանյութ)


Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը  բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում (տեսանյութ)
Հունվար 23 12:10 2019

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար: Այս մասին  այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև  2019 թվականի անելիքները, որը ArmDay.am-ը ներկայացնում է ստորև

1.Տարեկան շուրջ 250 պացիենտ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժում կստանա պետպատվերի շրջանակներում: 

2. Տարեկան շուրջ 200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում ժամանակակից գծային արագացուցիչների վրա պետպատվերի շրջանակներում:

3. Շուրջ 1000 պացիենտ կստանա բուժում հեպատիտ Ց-ի դեմ պետպատվերի շրջանակներում։

4. Քայլեր է ձեռնարկվելու համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ մշակելու ուղղությամբ:

5. Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով բարեփոխումներ են կատարվելու:

6. Երևանում և մարզերում կմեկնարկի պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր: Քննարկվում է նաև ծառայությունը ստացիոնարում ներդնելու հնարավորությունները:

7. Մշակվել և կառավարություն են ներկայացվել դեղերի օրենքից բխող նախագծեր, որոնց միջոցով կկարգավորվեն դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման, կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմներ:

8. Դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգի լրամշակման նպատակով կշարունակվեն հանրային քննարկումները:

9. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար:

10. Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով պետպատվերի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպմանը: 

11. Առողջ ապրելակերպը սկսվում է դպրոցից. կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ցածր դասարանի աշխակերտներին առողջ ապրելակերպ ուսուցանելու նպատակով: 

12. Վերսկսվելու է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր:

13. Ձեռք է բերվելու շարժական մամոգրաֆիկ սարք և նախատեսվում է սկրինինգային հետազոտությունները սկսել Լոռու մարզից: