Դա շոու չէր․ Գյումրու քաղաքապետը՝ խնդիրների, իշխանությունների հետ հարաբերությունների մասին․ Բալասանյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Դա շոու չէր․ Գյումրու քաղաքապետը՝ խնդիրների, իշխանությունների հետ հարաբերությունների մասին․ Բալասանյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Օգոստոս 14 16:22 2018

Շինարարական աշխատանքներ Գյումրիում, անօթեւանության խնդիր եւ չլուծված այլ հարցեր։ Հանրապետության ամենաաղքատ մարզի կենտրոն Գյումրին հայտնի է նաեւ իր մշակութային կոլորիտով։ Ինչպես լուծել առկա խնդիրները, ինչ ծրագրեր ունեն քաղաքային իշխանությունները։ Armday.am-ի՝ Կյանքը մեկ օրում նախագծի հյուրն այս շաբաթ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է։ Վերջինիս հետ զրուցել ենք Գյումրու խնդիրներից, ներքաղաքական զարգացումներից ու Բալասանյան անձից։

Պարոն Բալասանյան, երկրորդ անգամ անըդմեջ ընտրվեցիք Գյումրու քաղաքապետ։ Նախ ինչ ծրագրեր եք կյանքի կոչել ձեր պաշտոնավարման  տարիներին։

 

-Այս տարիների ընթացքում լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնել Գյումրու համար այնքան կարևոր ոլորտներում՝ ինչպիսիք են փողոցաշինությունը, քաղաքի լուսավորությունը, բակերի բարեկարգումը, խաղահրապարակների տեղադրումը, կրթօջախների կապիտալ շինարարությունը և այլն: 2017 թվականին հիմք դրվեց և իրագործվեց Գյումրու պատմական կենտրոնի վերակառուցման ծրագիրը: Վերակառուցված Ռուսթավելի փողոցն այսօր ներքին և արտաքին տուրիզմի զարգացման լավագույն խթաններից է հանդիսանում: Այս տարիներին կարողացել ենք ձեռք բերել և կառուցել Պատանիների պալատ, Պարարվեստի դպրոց, Երիտասարդական պալատ: Բավական ծրագրեր ենք իրականացրել, ամենամեծ ծրագրերից՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհների և փողոցների լուսավորության ծրագրի» շրջանակներում շինաշխատանքներն լայն թափով արդեն մեկնարկել են: Ծրագրի այս փուլով հիմնանորոգվելու է 11 փողոց և երկու հրապարակ՝ Շառլ Ազնավուրի և Հայուհու հրապարակները: Մեկնարկել են շինաշխատանքները Երևանյան խճուղում, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ, Գերցեն փողոցներում, Ջիվանի, Ղորղանյան, Աբովյան, Վարպետաց, Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցներում: Առաջիկա օրերին կմեկնարկեն նաև շինաշխատանքները մյուս փողոցներում:

Հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Շիրազի փողոցում, ամբողջությամբ ավարտված է տվյալ փողոցի կոմունիկացիոն համակարգի աշխատանքները: Համաշխարհային բանկի միջոցներով է իրականացվելու աշխատանքները, մրցույթը հայտարարված է, սեպտեմբերին կշարունակվի փողոցի շինաշխատանքները: Համայնքային բյուջեի միջոցներով ևս փողոցաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Այս տարվա սկզբին Գյումրու քաղաքապետարանը- «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԸ- կնքեցին փոխըմբռնման հուշագիր:  Ընկերությունը հետաքրքրված է Գյումրիի  տարածքում զարգացնելու, կառուցելու և շահագործելու օդային փոխադրումներ իրականացնող օդանավերով փոխադրվող ապրանքների համար նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտի: Շատ մեծ ծրագիր է, որն իր հետ մեծ ներդրումներ կբերի: Նյու Յորքում բնակվող հայ բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանն իր կյանքի վերջին օրերին հերթական ներդրումը կատարեց Գյումրիում, համերգասրահի շենքի կառուցման հիմնաքարը դրվեց բժշկի ծննդյան օրը։ Կա ևս մեկ ծրագիր՝ Շվեյցարահայ բարերար Սերմաքեշի հետ է կապված, որն առնչվում է  թե՛ աշխատատեղերի ստեղծման, և թե՛ բնակարանների հետ: Բուլվարային թաղամասում, հին ռադիոգործարանի պետական ստրուկտուրա համարվող շենքում նախատեսվում է  ժամացույցների տարբեր դետալների արտադրություն սկսել, որը կստեղծի աշխատատեղեր։ Նույն ծրագրով նախատեսվում է տվյալ շենքում ունենալ հանրակացարան  կամ սոցիալական բնակարաններ, որտեղ պետք է ապրեն այդ մարդիկ: Սա այս տարվա ծրագրերի մասին, նախորդ տարիներին ևս բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: 

Գյումրին հայտնի է իր բազմաթիվ խնդիրներով։ Անօթեւանության խնդիրը առ այսօր լուծում չի ստացել։ Ինչ է պլանավորված այս ուղղությամբ՝ ընթացիկ տարում։

-2015 թվականին նախաձեռնեցի «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի արդյունքում նաև բարերարների միջոցով մոտ 3 տասնյակ ընտանիք դարձավ բնակարանատեր: Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնվող «Բարեկամության» այգու բարեկարգման ծրագիր կա, ներդրումներ կատարելու նպատակով այն հանձնվելու է ընկերություններից մեկին  պատկանող կազմակերպությանը: Ծրագրի շրջանակներում տնակում բնակվող 22 ընտանիք ապահովվելու է բնակարանով: Գյումրու քաղաքապետարան-ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում շարունակվում է սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները: Նախատեսված է երկրորդ փուլում 12 բնակարան հանձնել շահագործման: Նույն ծրագրով 2017 թվականին շահագործման հանձնվեց 11 սոցիալական բնակարան: Անցած տարվանից տնտեսված գումարներ ունենք որով գնելու ենք 9 բնակարան: Քաղաքապետարանի համապատասխան բաժինը տնակների հաշվառում է իրականացնում և  այսօր տնակների թիվը Գյումրիում 4000-ից կրճատվել և հասել է մոտ 2900, որից բնակեցված է մոտ 2500-ը:

Հանրապետության երկրորդ քաղաքում ձեր գնահատմամբ տարիներ ի վեր առկա կրիմինալ իրավիճակը հնարավոր եղել է կայունացնել։ Ձեր գնահատականն այս առումով։

 

-Կրիմինալ վիճակ առանձնապես չի էլ կարող լինել: Գյումին մշակույթի, սպորտի քաղաք է և բոլոր ջանքերը ներդրվում են այն տուրիզմի քաղաք դարձնելու համար: Այս առումով դրական տեղաշարժ կա, մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Գյումրի, սպասարկման օբյեկտները գրեթե միշտ լիքն են, մարդիկ ընտանիքներով դուրս են գալիս զբոսանքի, դա ևս խոսում է քաղաքի հանգստության մասին: 

Գյումրին հայտնի է նաեւ որպես արվեստի եւ արհեստների մայրաքաղաք։ Մշակութային կյանքը հանրապետության երկրորդ քաղաքում ինչպես եք գնահատում։

 

-Շատ բարձր եմ գնահատում: 2013 թվականին Գյումրին հռչակվեց մշակութային մայրաքաղաք: Մեր բոլոր ջանքերը ներդնում ենք զարգացնել մշակույթը բոլոր ուղղություններով: Բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում քաղաքում Մշակութային օջախներին ենք մեծ ուշադրություն դարձնում, ունենք նորակառույց Պատանիների պալատ, Պարարվեստի դպրոց, Երիտասարդական պալատ, «Անի» փողային նվագախմբի համար ենք հիմա շենք կառուցում:

 

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գյումրու ավագանին անվստահության գործընթաց նախաձեռնեց: Շատերի գնահատմամբ այն կազմակերպված շոու էր: 

 

-Ոչ դա շոու չէր, դա ընդամենը գործընթաց էր, որով ես ուզում էի հասկանալ  վստահություն ունեմ թե՝ ոչ: Դա սովորական քաղաքական պրոցես էր:

 

Ինչպիսին են Ձեր հարաբերությունները ներկայիս իշխանությունների հետ, թե՛ կենտրոնական և թե՛ մարզային:

 

-Բավական լավ աշխատանքային հարաբերություններ են: Նոր կառավարությունը փորձում է օգնել Գյումրուն: Կառավարության հետ ծրագիր ենք անում՝ Մուշ 2-ի հրապարակն ենք կառուցում, մոտ 3 հեկտար տարածք է, շինարարը պարզ է, աշխատանքները սկսում ենք: Ծրագրով 70 տոկոսը վճարվելու է մեր բյուջեի կողմից 30 տոկոսը՝ կառավարությունը: Կառավարության որոշումը կա, հստակ կա պայմանավորվածությունը:  Եվս մեկ ծրագիր ենք իրականացնում կառավարության հետ՝ դա կապված է աղբատար մեքենաների հետ: 5 նոր մեքենա ենք ներկրելու որից 3-ը աղբատար մեքենաներ են 2-ը՝ ինքնաթափ: Տարբեր ոլորտներում շատ ծրագրեր ենք իրականացնելու կառավարության հետ:

 

Վերջերս ՊԵԿ-ը որոշ չարաշահումներ հայտնաբերեց Ձեր ընտանիքին պատկանող «Գյումրու գարեջուր» ՓԲ-ում: Ինչ փուլում է ուսումնասիրությունը և ովքեր են կատարել չարաշահումներ: 

 

-Եկեք այս հարցին չպատասխանեմ, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում:  

Քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում, որտեղ էր իրեն պատկերացնում Սամվել Բալասանյան անձը։

-Նորից կզբաղվեի քաղաքը կառուցելու, աշխատատեղեր ստեղծելու գործով, համաձայն իմ կարգախոսի՝ կծառայեմ ու կծառայեմ իմ Գյումրուն և գյումրեցուն:

Պարոն Բալասանյան ձեր որդիները կրթություն ստացել են դրսում։ Ինչով են նրանք ներկայումս զբաղվում։

 

-Մեծ տղաս զբաղվում է ընտանեկան բիզնեսով, փոքր տղաս հասարակական գործունեություն է ծավալում, միաժամանակ զբաղվում է ընտանեկան տնտեսությունների արտաքին կապերով: 

 

Ինչպիսին է Բալասանյան անձը, քաղաքականությունում, աշխատավայրում եւ տանը։

 

-Քանի որ կուսակցական չեմ՝ քաղաքականությունում ակտիվ գործունեություն չեմ ծավալում, աշխատանքում ակտիվ եմ, իսկ ընտանիքում` համեստ, սիրում եմ իմ ընտանիքը և պահպանում եմ բոլոր այն ավանդույթները, որ եկել են Բալասանյաններից: 

 

Մտքերը շարունակելով

Կյանքը մեկ օրում։

Արարել ինչքան Աստված կկամենա։

Մի օր ես։

 

Գյումրեցիներիս հետ:

 

Իմ օրերի մեջ։

Առողջություն, աշխատանք, նպատակներ, ժողովրդավարություն։

Տարիների ընթացքում։

Ծրագրեր, նպատակներ իմ տեսլականում։

 

Փայլակ Ֆահրադյան

Տաթեւ Այվազյան

 

Լուսանկարները՝ Սարգիս Միլիտոնյանի 

 



loading...