«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է 2026 թվականի դեկտեմբերի 11-ին կորպորատիվ պարտատոմսերի նախատեսված մարման մասին:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) սույնով տեղեկացնում է պարտատոմսերի սեփականատերերին և կապիտալի շուկայի մյուս մասնակիցներին Ընկերության HELCB1 սերիայի (ISIN՝ AMHELCB21ER6)՝ 32 000 000 000 (երեսուներկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով կորպորատիվ պարտատոմսերի առաջիկա նախատեսված մարման մասին։
Թողարկման պայմաններին համապատասխան՝ 2026 թվականի դեկտեմբերի 11-ին Ընկերությունն ամբողջությամբ կմարի նշված պարտատոմսերի անվանական արժեքը, ինչպես նաև կվճարի վերջին արժեկտրոնային եկամուտը։
Պարտատոմսերի մարումը և վերջին արժեկտրոնային եկամտի վճարումը Ընկերության կողմից կիրականացվեն անկանխիկ եղանակով՝ հաշվի օպերատորի մասնակցությամբ, պարտատոմսերի թողարկման ազդագրով նախատեսված հաշվարկների կարգին համապատասխան, հասանելիք գումարները համապատասխան վճարումները ստանալու իրավունք ունեցող անձանց բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով, պարտատոմսերի սեփականատերերի և անվանատերերի ռեեստրի՝ դրա փակման օրվա դրությամբ տվյալների հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Ընկերությունը վերահաստատում է իր հանձնառությունը ներդրողների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարելու, կապիտալի շուկայի մասնակիցների վստահությունը պահպանելու և թողարկված արժեթղթերով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում թափանցիկություն ապահովելու հարցում»,- նշվում է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի տարածած հաղորդագրությունում։










