Նոր Սահմանադրությունը ոչ թե սուպեր վարչապետական համակարգից հրաժարվելու, այլ գերվարչապետական համակարգ ստեղծելու մասին փաստաթուղթ է. Նաիրի Սարգսյան


Նոր Սահմանադրությունը ոչ թե սուպեր վարչապետական համակարգից հրաժարվելու, այլ գերվարչապետական համակարգ ստեղծելու մասին փաստաթուղթ է. Նաիրի Սարգսյան
Նոյեմբեր 24 14:17 2026

Նոր Սահմանադրությունը ոչ թե սուպեր վարչապետական համակարգից հրաժարվելու, այլ գերվարչապետական համակարգ ստեղծելու մասին փաստաթուղթ է: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը«Հրապարակվեց նոր Սահմանադրության տեքստը։ Ինչպես և սպասվում էր, սա ոչ թե «խաղաղության» կամ «ժողովրդի» Սահմանադրություն է, այլ մեր պետականության հիմքերը քանդող՝ Հայաստանի Հանրապետության լուծարային փաստաթուղթ։

Ազգերի ինքնորոշման իրավունքի դուրս մղումն ու Հայաստանի Հանրապետության գոյությունը զուտ տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ տեղափոխելը սոսկ տեխնիկական սխալներ չեն։ Սա նույն այն մութ գործարքն է, որն արվեց Արցախի հարցում։ Այն ժամանակ էլ մեր հիմնարար՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը տեղափոխվեց տարածքային վեճի հարթություն, ինչի հետևանքները տեսանք բոլորս։ Հիմա նույնն արդեն կրկնվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ Հայաստանն են դարձնում տարածքային վեճի առարկա․ Հայաստան՝ առանց ծննդյան վկայականի։

 

Մենք շատ լավ գիտենք՝ որն է մեր երկիրն ու որտեղ են մեր սահմանները։ Բայց հենց այսօրվա ապազգային, պետականաքանդ իշխանություններն են ամեն օր հայտարարում, որ դելիմիտացիա ու դեմարկացիա դեռ արված չէ, որ սահմանները հստակեցված չեն։ Ու հենց այս պայմաններում հրաժարվում են մեր պետության ստեղծման հիմքից՝ ինքնորոշման իրավունքից, ու երկրի Մայր օրենքը կառուցում մի բանի վրա, որն իրենց իսկ խոսքով դեռ վերջնական ամրագրված չէ։ Հենց այսպես են ապամոնտաժվում պետականության հիմքերը։

Այս իշխանությունը չունի նոր Սահմանադրություն ընդունելու ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական մանդատ։ Ժողովուրդն իրենց նման լիազորություն չի տվել, խորհրդարանում չունեն համապատասխան մեծամասնություն։ Մինչդեռ այսօրվա Սահմանադրությունը հստակ նախատեսում է․ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ են Խորհրդարանի առնվազն երկու երրորդի կողմ ձայները։ Սահմանադրությունը չի փոխվում պարզ մեծամասնությամբ․ սա է ժողովրդավարությունը, երբ մայր օրենքը փոխելու համար անհրաժեշտ է հասարակության ձայնը հանդիսացող պատգամավորների երկու երրորդի քվեն, և այո, հակաժողովրդավար է ձայների պարզ մեծամասնությամբ գնալ փոփոխությունների մի հարցում, որի համար անհրաժեշտ է իրականում շատ ավելին։

Հետևաբար, պետք չէ տրվել գեղեցիկ փաթեթավորումներին ու սադրանքներին։ Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը երբեք չի կարող խաղաղություն բերել։ Հայաստանը ծնվել է ազգերի ինքնորոշման իրավունքից, և դրանից հրաժարվելը նշանակում է հրաժարվել սեփական պետությունից։ Սա ոչ թե խաղաղության, այլ կործանման սահմանադրություն է։ Սա ոչ թե սուպեր վարչապետական համակարգից հրաժարվելու, այլ գերվարչապետական համակարգ ստեղծելու մասին փաստաթուղթ է․ համակարգ, որտեղ ինչպես ինքն էր ասում ոչ միայն կառավարությունն է ինքը, այլ եկեղեցին է նույն մարդը, դատարանն է նույն մարդը, ժողովուրդն է նույն մարդը։ Եվ այդ մեկ մարդու պարտությունն այլևս ողջ ժողովրդի պարտությունն է։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որի լուծարումը թույլ չենք տալու միասին»,- նշել է նա։