Վաղը պաշտոնապես կազդարարվի «ԹՐԻՓՓ» նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան


Վաղը պաշտոնապես կազդարարվի «ԹՐԻՓՓ» նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 21 14:56 2026

Վաղը պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկը, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ»,-  «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկման ժամանակ ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն կապակցված է Իրանի և Վրաստանի հետ, և հայկական կողմը ներդրումներ է անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։

«Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

«ԹՐԻՓՓ»-ի համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը՝ ձայների 63 կողմ, 32 դեմ համամասնությամբ։  

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։

Նախագծով առաջարկվում է սահմանել մշտական օրենսդրական կարգավորում՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված այն ընկերությունների համար, որոնցում պետության բաժնեմասը կազմում է առնվազն 25 տոկոս։

Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները թույլ կտան ստեղծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։