Փաշինյանը նախապես գիտեր, որ ընդդիմությունը մերժելու է իր առաջարկը և հենց այդ հաշվարկով էլ հանդես է եկել նման նախաձեռնությամբ. Մարուքյան


Փաշինյանը նախապես գիտեր, որ ընդդիմությունը մերժելու է իր առաջարկը և հենց այդ հաշվարկով էլ հանդես է եկել նման նախաձեռնությամբ. Մարուքյան
Նոյեմբեր 20 15:36 2026

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը լայն քննարկումների առիթ է դարձել։ Նա առաջարկում է աջակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը՝ խոստանալով դրա ձախողման դեպքում հրաժարական տալ, իսկ հաջողության դեպքում ստորագրել խաղաղության պայմանագիրը և հաջորդ ընտրություններում չառաջադրվել վարչապետի պաշտոնում։

Առաջին հայացքից առաջարկը կարող է շահեկան թվալ ընդդիմության համար։ Սակայն խորհրդարանական ընդդիմությունն այն անմիջապես մերժեց՝ հայտնելով, որ չի վստահում Փաշինյանի խոստումներին։ Այստեղ արժե հիշել Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ հետագայում։

Իմ համոզմամբ՝ Փաշինյանը նախապես գիտեր, որ ընդդիմությունը մերժելու է իր առաջարկը, և հենց այդ հաշվարկով էլ հանդես է եկել նման նախաձեռնությամբ։ Նա փորձում է ցույց տալ, որ լիովին վերահսկում է քաղաքական իրավիճակը, իսկ ընդդիմությունը նույնիսկ իր հեռացման հնարավորությունից չի օգտվում։ Սա ուղերձ է նաև միջազգային դերակատարներին՝ հատկապես Հայաստանի շուրջ ընթացող կարևոր բանակցությունների համատեքստում։

Անկախ նրանից՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա, թե ոչ, ես՝ որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, ներկայացրել եմ առաջարկություն, որով նախատեսվում է սահմանափակել նույն անձի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընդհանուր ժամկետը։ Եթե Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը մնա հինգ տարի, նույն անձը պետք է կարողանա վարչապետի պաշտոնը զբաղեցնել առավելագույնը տասը տարի՝ անընդմեջ կամ ընդմիջումներով։ Իսկ եթե խորհրդարանի լիազորությունների ժամկետը կրճատվի մինչև չորս տարի, այդ սահմանափակումը պետք է կազմի ութ տարի։

Ժողովրդավարական պետությունում իշխանությունը չպետք է նույնացվի մեկ անձի հետ՝ անկախ նրա քաղաքական ուժի ընտրական հաջողություններից։ Եթե Փաշինյանն իսկապես պատրաստ է հեռանալ իշխանությունից, ապա չպետք է առարկի այս սահմանափակումը Սահմանադրության նախագծում ամրագրելուն։

Առաջարկել ենք նաև Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը հինգ տարուց կրճատել չորսի, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններինը՝ հինգից երեք տարվա։ Ընտրությունների պարբերականությունն ու իշխանության փոփոխության հնարավորությունը ժողովրդավարության կարևոր երաշխիքներ են։ Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ավելի հաճախ ընտրությունների միջոցով փոխելու իրենց վստահությունը կորցրած իշխանություններին։ Ներկայացրել ենք նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման առաջարկություններ։

Իսկ ի՞նչ կլինի, եթե խորհրդարանական ընդդիմությունը շարունակի մերժել Փաշինյանի նախաձեռնությունը։

Փաշինյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրային քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով։ Եթե խորհրդարանը չընդունի նախագիծը, իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների՝ փորձելով ձևավորել սահմանադրական մեծամասնություն և այդ ճանապարհով հասնել սահմանադրական փոփոխությունների ընդունմանը»։