Ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան


Ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան
Նոյեմբեր 19 21:56 2026

Եվրամիությանն անդամակցելու հնարավոր հայտը այս փուլում ոչ միայն չի լուծելու մեր խնդիրները, այլև նոր վտանգներ է ստեղծելու, այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ԵՄ-ին անդամակցելու հայտը ՀՀ-ին չի օգնելու՝ մեր դիրքը կբարդացնի, կսահմանափակի այլ երկրների հետ գործակցությունը։ Զգուշացնում եմ՝ ԵՄ-ին անդամակցելու հայտով մենք ՌԴ-ին հրավիրում ենք մասնակցել քննարկմանը, իսկ հարձակումներին համակարգը չի կարողանում դիմադրել»,-նշել է նա՝ հավելելով, որ չպետք է մտածել, թե ուրիշ մեկն է օգնելու լուծելու մեր խնդիրները։

«Եկեք այդ ողբերգությունը չկրկնենք։ Հայաստանի՝ եվրաինտեգրման միակ հաջողված փորձը Կիլիկյան Հայաստանն է։ Որպեսզի եվրաինտեգրվենք, պիտի աշխարհագրություն փոխենք»,-հավելել է նա։

Անդրադառնալով տնտեսական, մասնավորապես՝ էներգետիկ կախվածությանը, նա շեշտում է, որ ԵՄ հայտ ներկայացնելու դեպքում գազի խնդիրը լուծելու առաջարկ չկա։

«Եթե ՌԴ-ից գազի կախվածությունն ուզում ենք փոխել, այլընտրանքը Եվրոպայում չէ, տարածաշրջանում է, սակայն ԵՄ-ն սանկցիաներ ունի Իրանի նկատմամբ, իսկ ԵՄ-ին մենք ինտեգրված չենք ենթակառուցվածքների առումով»,-արձանագրել է Գրիգորյանը։

Ամփոփելով խոսքը՝ Գրիգորյանը հաստատել է իր ակտիվ դերակատարությունը հանրային դաշտում։

«Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում, ես քաղաքական գործիչ եմ»,- ասել է Գրիգորյանը և տեղեկացրել, որ շուտով կհրապարակի իր հոդվածի շարունակությունը, որը նվիրված է լինելու Հայաստանի արտադաշինքային (ոչ բլոկային) կարգավիճակի կոնցեպտին։