Երևանի խնդիրները լուծելու համար 2027-ին նախատեսված չէ որևէ ավտոբուսի գնում, բայց Աջափնյակի մետրոյի համար 2 մլրդ. դրամ է հատկացվում. Մանուկյան


Երևանի խնդիրները լուծելու համար 2027-ին նախատեսված չէ որևէ ավտոբուսի գնում, բայց Աջափնյակի մետրոյի համար 2 մլրդ. դրամ է հատկացվում. Մանուկյան
Նոյեմբեր 19 18:25 2026

«Արդյո՞ք 2027 թվականի բյուջեն թեթևացնելու կամ հեշտացնելու է  երևանաբնակների կյանքը և արդյո՞ք այն խնդիրները, որոնց մասին խոսում եմ, խոսում եմ առաջին անգամ»,- ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո նման հարցադրումներում իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ 

Նա նշեց, որ իր հետ բերել է նկարներ, որոնք նկարել է դեռ 2023 թվականին Երևանի բյուջեի ընդունման ժամանակ. «Ասել եմ՝ կյանքը թեթևացնելու համար պետք է կառավարման նոր մշակույթի ներդրում։ Այսինքն, պետք է մի փոքր խելք, կամք և ցանկություն»։

Մանուկյանն անդրադարձավ Երևանում խցանումների խնդրին՝ ասելով. «Արդյո՞ք կար դրան լուծում և այս տարվա, հաջորդ տարվա բյուջեով կարելի՞ էր մի փոքր թեթևացնել։ Այո։

Ինչ էր պետք դրա համար անել։ Ստեղծվեց կենտրոն, մեր վրա նստեց 600 միլիոն դրամ։ Տիգրան Ավինյանի փեսուն նշանակեցին  տնօրեն 1,8 միլիոն դրամ աշխատավարձով։ Նեպոտիզմի դասական մոդել։ 

Իսկ ո՞րն է հովանավորչությունը սրա մեջ։ Ժողովուրդ, արդյունքը զրոյական է, մյուս տարի դրա բյուջեն ավելացել է ու ոչ մեկ դրա մասին չի համարձակվում խոսել»։ 

Մանուկյանը նաև նշեց, որ 8 տարի 8 միլիարդ դոլար պարտք են վերցրել և 1 ավտոկայանատեղի չեն կառուցել, հաջորդ տարի նույնպես նախատեսված չէ ավտոկայանատեղիի կառուցում։

Ըստ նրա, խցանումները մեղելու համար Երևանի կենտրոնից պետք էր դուրս հանել պետական ապարատի մի զգալի մասը։ 

«Հաջորդ տարի Երևան քաղաքի համար նախատեսված չէ որևէ ավտոբուսի գնում, բայց ամենակարևորը՝ Աջափնյակի մետրոյի համար նորից 2 միլիարդ դրամ է հատկացվում։ Անցած տարի 1,8 միլիարդ դրամ էր, չհասկացանք՝ ինչ եղավ»,- ասաց Մանուկյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ պետության բյուջեն պետք է թեթևացնի քաղաքացու հոգսը։

«Երևանի կառավարումը ձախողել եք, բյուջեի մուտքերն ու ստացած արդյունքը չի համապատասխանում իրար»,- ասաց Մ. Մանուկյանը։