ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ԱԺ-ում արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան երաշխիքներ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի, իսկ դրանով էլ Փաշինյանն իր «առաքելությունը» կավարտի ու «կհեռանա»։
«Նիկոլ Վովայի Փաշինյան, դուք վստահություն չունեք մեր ժողովրդի առնվազն 50 տոկոսի մոտ։ Դուք մտածում եք՝ մենք այնքան միամիտ ենք, որ կարծենք, որ դուք ինքնակամ կլքեք ձեր պաշտոնը՝ այս կամ այն հանգամանքով պայմանավորվա՞ծ։ Բնականաբար, ոչ։ Ոչ միայն ձեզ չենք վստահում, հավատում, Ալիևին հարյուրապատիկ ավելի անգամ չենք վստահում»,- ի պատասխան՝ ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց՝ Փաշինյանի շանտաժները չեն անցնելու, Ալիևի թելադրանքով Հայաստանում սահմանադրություն չի փոխվելու․
«Մշտապես Ալիևը ձեր քթից բռնած տարել, ասել է՝ էս էլ անեք՝ խաղաղություն է, էս էլ անեք՝ խաղաղություն է, ու էդպես էլ տեղ չեք հասել։ Ու ամենամեծ խնդիրն այն է, որ դուք մտածում եք, թե խաղաղության խոչընդոտը Հայաստանում է։ Հայ ժողովուրդն ու Հայաստանը երբեք ագրեսոր չեն եղել, ու խոչընդոտը ո՛չ Հայաստանի քաղաքական էլիտան է, ո՛չ ժողովուրդը, այլ՝ Ադրբեջանը։
Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի՛ անցնելու։
Ինչ ուզում եք՝ արեք, հոխորտացեք, ուզում եք՝ իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո՛չ»։










