«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ փակ քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել նոյեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Մասնավորապես, վարչապետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ համայնքներում գործող ղեկավարները շարունակում են վայելել բարձր վստահություն և կարողանում են ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել։
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի մտահոգության առանցքում այն հարցն է, որ ՔՊ-ն առաջիկա տարիներին կարող է բախվել համայնքապետերի թեկնածուների ընտրության խնդրին։ Օրինակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կարողացել է հավաքել ձայների ավելի քան 90 տոկոսը, իշխանության համար դարձել է այդ խնդրի խորհրդանշական օրինակը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտահոգված է, որ երեք տարի անց՝ համայնքային հաջորդ ընտրությունների ժամանակ, իշխանությունը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի կրկին առաջադրել նույն անձանց, քանի որ այլընտրանքային թեկնածուներ չունի։ Այդ պատճառով էլ նա թիմակիցներին հանձնարարել է առաջիկա ժամանակահատվածում աշխատել նոր անձանց հետ, նրանց քաղաքականապես աճեցնել և պատրաստել համայնքային ընտրություններին՝ հետագայում գործող ղեկավարների փոփոխության հնարավորություն ունենալու համար։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում նաև վերլուծել են, թե ինչու են որոշ համայնքապետեր շարունակում բարձր վստահություն վայելել։ Նրանց գնահատմամբ՝ համայնքապետերի վերընտրվելու պատճառներից մեկը վերջին շրջանում մարզերին և համայնքներին ասֆալտապատման աշխատանքների համար գումարներ տրամադրելու խոստումներն են։ ՔՊ-ում կարծում են, որ համայնքների բնակիչները գնահատում են այդ խոստումները և իրենց ձայնը տալիս գործող ղեկավարներին։
Սակայն, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանին մտահոգում է ոչ միայն կոնկրետ ընտրությունների արդյունքը, այլև այն քաղաքական իրավիճակը, որում իշխանությունը կարող է հայտնվել հաջորդ ընտրական փուլում։
Վարչապետը թիմակիցներին հորդորել է այս ժամանակահատվածն օգտագործել նոր թեկնածուներ պատրաստելու համար, որպեսզի համայնքներում քաղաքական լճացում չառաջանա, և ՔՊ-ն ստիպված չլինի անընդհատ նույն անձանց առաջադրել։
Հատկանշական է, որ նոյեմբերի 29-ին ևս համայնքներում ընտրություններ են սպասվում, և այդ ընտրություններում կրկին առաջադրվել են գործող համայնքապետեր։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ հարց է առաջացնում՝ արդյոք ՔՊ-ն իսկապես պատրաստվում է նոր դեմքեր առաջ քաշել, թե առաջիկա տարիներին համայնքային իշխանություններում կրկին նույն անձանց վերարտադրության ականատես կլինենք։
Կարճ ասած, հնաբնակ համայնքապետերին քաղաքական կարճ կյանք է մնացել. նրանք շուտով պետք է հրաժեշտ տան տաք պահած աթոռներին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










