«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանկարծ հիշել է, որ կարելի է նաև խզել պայմանագիրը շինարարական ընկերության հետ և նրան ներառել «սև ցուցակում»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազատության պողոտայում ոռոգման ցանցի կառուցման ընթացքում անորակ խողովակների տեղադրման խնդիրը նոր չէ․ այս իրավիճակը շարունակվում է արդեն շուրջ 6-7 ամիս, սակայն քաղաքապետարանի և համապատասխան վարչական շրջանի կողմից խնդրի լուծման ուղղությամբ ժամանակին ձեռնարկված քայլերի արդյունավետության վերաբերյալ հարցեր են առաջանում։
Եվ հիմա, երբ խնդիրը ամիսներ շարունակ չի ստացել պատշաճ լուծում, Տիգրան Ավինյանը հանձնարարում է շտապ խզել պայմանագիրը և ընկերությանը ներառել «սև ցուցակում»։
Հարց է առաջանում՝ իսկ այս ամիսների ընթացքում որտե՞ղ էին քաղաքապետարանի պատասխանատուները, ո՞վ էր վերահսկում աշխատանքների որակը, և ինչո՞ւ պայմանագրի խզման անհրաժեշտությունը հրատապ է դարձել միայն հիմա։ Եթե խողովակներն անորակ են եղել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ խնդիրը ժամանակին չի կանխվել, և ինչո՞ւ են քաղաքացիները ստիպված եղել ամիսներ շարունակ բախվել դրա հետևանքներին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շինարարական աշխատանքների որակի և խողովակների տեղադրման հետ կապված խնդիրներ կան նաև Արաբկիր վարչական շրջանում՝ «Մոդենա» շենքի շինարարության որոշ հատվածներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այնտեղ ևս հարցեր են առաջացել աշխատանքների պատշաճ իրականացման վերաբերյալ։ Այս հանգամանքը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի՝ պարզելու՝ արդյոք երկու դեպքերը կապ ունեն նույն կապալառուի հետ։ Ու այդ խայտառակ պատկերի պատճառով նշված հատվածում մշտական խցանումներ են։
Ստացվում է՝ քաղաքային իշխանությունների համար պայմանագիրը խզելու և ընկերությանը «սև ցուցակում» ներառելու որոշումը հիմա է դարձել հրատապ, մինչդեռ հանրային աշխատանքների որակի վերահսկողությունը պետք է իրականացվի ոչ թե խնդիրների՝ ամիսներ շարունակ ձգձգվելուց հետո, այլ հենց սկզբից ու զուգահեռաբար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










