«Փաստ» օրաթերթը գրում է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխել 2023-ի դեկտեմբերի 28-ի թիվ 2339-Լ որոշումը՝ 2027–2029 թթ. ապահովելու կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը։ Գործող որոշմամբ միջոցառումը սահմանվել է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը, իսկ հետվճարների հաշվարկն ու վճարումը՝ 2024-ի հունվարից մինչև 2026-ի դեկտեմբերը ներառյալ։
Միջոցառմամբ կենսաթոշակառուները հետվճար են ստանում կենսաթոշակային քարտով կատարված անկանխիկ գործարքների դիմաց, ինչը նպաստում է կենսաթոշակների չափերի աճին և անկանխիկ վճարումների ընդլայնմանը։ Հաշվի առնելով շարունակականության և ֆինանսավորման պլանավորումը՝ առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը։
Փոփոխությունների ընդունման դեպքում միջոցառումը 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը կտարածվի՝ պահպանելով գործող հաշվարկման և վճարման մեխանիզմները։










