Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը ճանաչեց հանրային գերակա շահ


Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը ճանաչեց հանրային գերակա շահ
Հոկտեմբեր 15 11:20 2026

Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ դրանք պետությանը օտարելու նպատակով։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար, պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», - նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։

Որոշման նախագծի համաձայն՝ օտարման գործընթացի ավարտի վերջնաժամկետը 2027 թվականի հոկտեմբերի 1-ն է։

Օտարման ենթակա են ՀԷՑ-ի 246 հազար 423 բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ է։ Դրանցից 172 հազար 496-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մոտ 70 տոկոսը, իսկ 73 հազար 927-ը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդին»՝ մոտ 30 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական առումով ՀԷՑ-ը ապօրինի գույքի վերադարձի անբաժան մասն է։

«Ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»,- ասաց նա։