Վեդի համայնքի ավագանու նիստում «Իմ հզոր համայնք» խմբակցությունը հանդես է եկել առաջարկությամբ՝ համայնքի մանկապարտեզներն անվճար դարձնելու վերաբերյալ. ՔՊ-ականները, սակայն, դեմ են եղել։
«Ի տարբերություն Վեդի համայնքի, որտեղ մանկապարտեզի վարձավճարը կազմում է ամսական 7 000 դրամ, հարևան Արտաշատ և Մասիս համայնքներում անվճար են։
Եթե հարևան համայնքներում հնարավոր է ապահովել անվճար նախադպրոցական կրթություն, ապա ինչո՞ւ Վեդիի ընտանիքները պետք է շարունակեն վճարել դրա համար։
Մեր համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա նախադպրոցական կրթության հավասար հնարավորություն, իսկ յուրաքանչյուր ընտանիք՝ ավելի թեթև ֆինանսական բեռ։ Երեխաների կրթության և զարգացման հարցում ընտանիքների սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ դառնա։
Ցավոք, մեր առաջարկը չստացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների մեծամասնության աջակցությունը։ ՔՊ խմբակցությունից միայն Ազիզ Հովսեփյանն էր, որ միացավ մեր առաջարկին։
Մենք գտնում ենք, որ համայնքի զարգացման առաջնահերթություններից մեկը պետք է լինի ընտանիքներին աջակցելը, երեխաների ապագայի համար ներդրում կատարելը և սոցիալական արդարության ապահովումը։
«Իմ հզոր համայնք» խմբակցությունը շարունակելու է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք անմիջականորեն առնչվում են մեր քաղաքացիների կյանքին։
Երեխաները մեր ապագան են, իսկ նրանց կրթությունն ու բարեկեցությունը պետք է լինեն ոչ թե խոստում, այլ իրական առաջնահերթություն»,- ասվում է խմբակցության տարածած հաղորդագրությունում։










