«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի շուրջ լուրջ իրավիճակ է ստեղծվել։ Գործարանը ձեռք բերելու և այն շահագործելու հույսով ապրող աշխատակիցները սպասում են հանգուցալուծման, մինչդեռ գործարար Նարեկ Նալբանդյանի ֆինանսավորման հարցի շուրջ նոր հարցեր են առաջացել։
Երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։
Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարեց.
«Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որն ինձ կամ իմ ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ հանձնարարել է իրավապահ մարմիններին համապատասխան վարույթներ նախաձեռնել, եթե առկա լինեն ապացույցներ, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։
«Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։
Արդյո՞ք բանկի որոշման վրա ազդեցություն է ունեցել վարչապետի հրապարակային հայտարարությունը։ Արդյո՞ք ֆինանսավորման հարցում առկա են եղել բանկային կամ գործարար բնույթի այլ ռիսկեր։ Եվ, վերջապես, արդյո՞ք գործարանի ձեռքբերման գործընթացը կարող է ձախողվել ֆինանսավորման բացակայության պատճառով։
Միաժամանակ հրապարակային տեղեկությունների համաձայն՝ «ԱՄԻՕ» բանկի կազմակերպած աճուրդում սեպտեմբերի 2-ին գործարանի գույքային համալիրը ձեռք բերելու հայտով հանդես է եկել Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը։
Նկատենք, որ իրավապահները մինչ օրս, թեև տարբեր վարույթների մասին հայտարարել են, ընդհուպ մինչև փողերի լվացում, սակայն որևէ գործընթաց փաստացի չի կատարվում Նալբանդյանի մասով. օդում թողած պղպջակ են»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










