Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատական հայց ՝է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցչից Փաշինյանը պահանջում է հերքում.
«Պարտավորեցնել պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին՝ 27․09․2026թ․ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։
Բովանդակությունը՝ «2026 թվականի սեպտեմեբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում, ես՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Ադրբեջնական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։
Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։
Նիկոլ Փաշինյանը պահանջել է հերքումն իրականացնել «Նյուզ Էյ Էմ» լրատվական ընկերության միջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով։
Փաշինյանը Էդգար Ղազարյանից պահանջել է նաև 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։
Նշենք, որ հայցադիմումը դատարանը ստացել է երեկ էլեկտրոնային եղենակով Փաշինյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանի կողմից։ Նույն օրը այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դատական նման հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական գործիչների՝ Սամվել Կարապետյանի, Սոֆյա Հովսեփյանի, Էդմոն Մարուքյանի, Զարուհի Փոստանջյանի ու այլոց դեմ՝ պահանջելով որպես փոխհատուցում մեծ գումարներ։










