ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը գրում է.
«Այսօր ժամը 16:00-ին այն նույն դատարանի շենքում, որը 2019 թվականի մայիսի 20-ին շրջափակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, պետք է կայացվի դատավճիռ, որը պետք է կանխորոշի իմ քաղաքական և մարդկային հետագա ճակատագիրը։ Ինձ դատում են խոսքի համար, այն խոսքի, որ հնչել է Հայաստանի և Ադրբեջանի` մինչ օրս 1մմ սահմանազատում չիրականացրած սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առիթով»։
Էդգար Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ տեղեկացնում է, որ դատական նիստը դռնբաց է։
«ՀԳ-1. Մենք համաձայն չենք մեղադրական վերդիկտին և դատավճիռը պարտադիր բողոքարկելու ենք։
ՀԳ-2. Էդգարին վերագրվող 490-րդ հոդվածը նախատեսում է ազատության սահմանափակում (1-3 տարի), կարճաժամկետ ազատազրկում (1-2 ամիս) և [երկարաժամկետ] ազատազրկում (2-5 տարի) պատժատեսակները»,-մանրամասնել է նա։










