Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հավաքականի նախկին առաջատարների, մասնավորապես՝ Հենրիխ Մխիթարյանի և Տիգրան Բարսեղյանի հետ վարած բանակցություններին։Մարզիչը չի թաքցրել իր հիասթափությունը նրանց կայացրած որոշումներից՝ ընդգծելով, որ ազգային հավաքականի շահը պետք է վեր լինի ֆեդերացիայի կամ առանձին անհատների հետ ունեցած ցանկացած կոնֆլիկտից ու վիրավորանքից։
— Պարոն Մելիքյան, ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Դուք բանակցում եք Հենրիխ Մխիթարյանի հետ՝ նրան ազգային հավաքական վերադարձնելու նպատակով։ Այսօր ի՞նչ փուլում են այդ խոսակցությունները, և ի՞նչ որոշում կա։
— Ես բոլորի հետ էլ բանակցել եմ, բոլորի հետ խոսել եմ, բայց, նորից եմ կրկնում, չեմ ուզում անուններ տալ։ Պարզապես բոլորից էլ հիասթափված եմ։ Տեսեք, Հենրիխ Մխիթարյանը լեգենդար տղա է, ազգ ներկայացնող հերոս ֆուտբոլիստ, և ես չեմ ցանկանում որևէ վատ բան ասել։ Բայց որպես գլխավոր մարզիչ՝ լինի դա Մխիթարյանը, Բարսեղյանը, թե մեկ ուրիշը, երբ ես նրանց չեմ տեսնում մեր հավաքականում, բայց տեսնում եմ, որ շարունակում են խաղալ իրենց ակումբներում, բնականաբար, ունենում եմ իմ հիասթափությունը։
Միևնույն ժամանակ, չեմ ուզում որևէ մեկին մեղադրել կամ պարտադրել. դա իրենց իրավունքն է, Աստված իրենց հետ։ Բայց հիասթափություն, այո՛, կա, ինչո՞ւ ոչ։ Ես շատ լավ գիտեմ, թե այսօր ինչքան դժվար ժամանակահատված է ապրում հավաքականը։ Ով հնարավորություն ունի՝ պետք է օգնի թիմին, ինչպես ժամանակին արել են իմ նշած լեգենդար ֆուտբոլիստները։ Գուցե խաղացողն ինչ-որ հարցում իրավացի է, բայց չի կարելի դա կապել ազգային հավաքականի հետ ու մերժել հրավերը։ Ես ինքս էլ ժամանակին սուր կոնֆլիկտներ եմ ունեցել ֆեդերացիայի հետ, գուցե ոչ ոք այդպիսի խնդիրներ չի ունեցել, բայց երբ հարցը հասնում է ազգային թիմին, ինձ համար դա վեր է ամեն ինչից։
Կոպիտ օրինակ բերեմ. պատկերացրեք՝ գնում ենք պատերազմ՝ մեր հողերի համար կռվելու, ու ես ասեմ՝ «այս գյուղապետի հետ ժամանակին կոնֆլիկտ եմ ունեցել, ես այս գյուղի համար չեմ կռվի»։ Բայց չէ՞ որ դա մեր հողն է։ Ես ազգային հավաքականին հենց այսպես եմ վերաբերվում։ Եթե գնում ես պատերազմի, պետք է մի կողմ դնես անձնականդ՝ ում ես սիրում, ում չես սիրում, ով է քեզ նեղացրել, դու ես ճիշտ, թե սխալ։ Ամեն ինչ մղվում է երկրորդ պլան։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։










