Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պրահայի «Սպարտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 1:4 հաշվով։ժԽաղի մեկնարկը բավականին խոստումնալից էր հայկական թիմի համար. դաշտի տերերը փորձում էին վերահսկել գնդակը և ստեղծեցին մի քանի վտանգավոր պահ։ Արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ Սանդրո Լիման, սակայն նրա գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Չնայած «Արարատ-Արմենիայի» ակտիվությանը՝ չեխական ակումբը կարողացավ երկու րոպեում շրջել խաղի ընթացքը։ 20-րդ և 22-րդ րոպեներին անկյունայինների խաղարկումից հետո հյուրերի նորվեգացի պաշտպան Տոբիաս Գուդդալը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով իր թիմին։
Երկրորդ խաղակեսում հյուրերը շարունակեցին ճնշումը, և 53-րդ րոպեին Ջոն Մերկադոն մոտ տարածությունից խփեց «Սպարտայի» 3-րդ գնդակը: Ընդամենը երկու րոպե անց հայկական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Արթուր Սերոբյանի իրացրած անկյունայինից և Սանդրո Լիմայի փոխանցումից հետո աչքի ընկավ պաշտպան Բրունո Վիլսոնը՝ հաշիվը դարձնելով 1:3։ Այնուամենայնիվ, «Սպարտային» հաջողվեց վերջակետ դնել այս խաղում. 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պատրիկ Վիդրան գլխի հարվածով խփեց չեխերի 4-րդ գնդակը։
Եվրոպա լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկի քաղաքային մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։










