Վեհափառի ու Սրբազանների գործի լուծումն այլընտրանք չունի, քան արդարացումն է. հավատում եմ՝ կան դատավորներ, ովքեր ունակ են այդ որոշումը կայացնելու. Արմինե Ֆանյան


Վեհափառի ու Սրբազանների գործի լուծումն այլընտրանք չունի, քան արդարացումն է. հավատում եմ՝ կան դատավորներ, ովքեր ունակ են այդ որոշումը կայացնելու. Արմինե Ֆանյան
Սեպտեմբեր 10 12:30 2026

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին։

 

Վեհափառ Հայրապետն ու Սրբազան Հայրերը դատական այս նիստին չեն ներկայանալու։

 

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսներն օգտվելու են իրենց դատավարական իրավունքից, համաձայն որի՝ ոչ մեծ ծանրության  հանցագործություն վերագրելու դեպքում անձը կարող է միջնորդել, որ իր բացակայութամբ նիստերն անցկացվեն, եթե նա ունի պաշտպան, բնականաբար, բոլորն ապահովված են պաշտպաններով ու, իմ ունեցած տեղեկություններով, նրանք օգտվելու են իրենց իրավունքից ու չեն ներկայանալու դատական նիստին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վեհափառ Հայրապետի ու Սրբազանների գործով փաստաբան Արմինե Ֆանյանը։

 

Դատավորները հրաժարվում են այս գործը քննել. ինքնաբացարկ հայտնեց դատավոր Հակոբ Մանուկյանը, գործը մակագրվեց դատավոր Սերժ Ռուշանյանին, նա էլ որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, քանի որ ընդդատության խնդիր է տեսնում։ Գործը մակագրվեց  դատավոր Վահագն Մելիքյանին, ով դիմեց Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի պարզման նպատակով։ Վճռաբեկ դատարանն էլ որոշեց՝ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։

 

Աշխատանքից ազատման դիմում գրեց նաև այս գործով դատախազը։ 

 

Արմինե Ֆանյանն ընդգծում է՝ իրականում, հոգեբանական շատ մեծ խնդիր է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործ քննել։

 

«Պետք է համապատասխան արժեհամակարգ էլ ունենաս, որ կարողանաս այդ տեսակ ապօրինության տակ ընկնել, բայց եթե խոսենք իրավական ընթացակարգերի մասին, այդ գործը հայտնվել է դատարանում, ճիշտ կլիներ, որ ի սկզբանե այս քրեական գործի լուծումը տրվեր, դրա իրավական հիմքերն ամբողջությամբ դատարաններն ունեն, սա, առհասարակ, քրեաիրավական խնդիր չէ։ Ամենասկզբնական փուլում ցանկացած դատավոր նման ցանկության դեպքում ունի բոլոր իրավական հիմքերը քրեական հետապնդումներն արդարացման հիմքով դադարեցնելու համար, հետևաբար, եթե դրսևորեն բավարար կամք, փորձեն ձերբազատվել հնարավոր հետապնդման երկյուղից, ցանկացած դատավոր իրավական տիրույթում բոլոր իրավական հիմնավորումներն ունի նման որոշում կայացնելու ու տա հանգուցալուծումն այս գործի»,- նշեց փաստաբանը։

 

Ֆանյանի խոսքով՝ եթե, այնուամենայնիվ, դատարանը կվախենա կամք դրսևորել, ավելի լավ է քննեն ու արդարացման վերդիկտ կայացնեն, որն այլըտրանք ուղղակի չունի։

 

«Ես վստահ եմ՝ դատավորը հստակ գիտակցում է, որ իր ընդդատության հարցն է այստեղ, բայց, այո՛, չցանկացավ այդ պատասխանատվության տակ մտնել՝ մտածելով, գուցե, ինչ-որ կերպ աշխատի այդ աճպարարությունն ու այլ դատավոր քննի, բայց իրավական առումով իրեն ընդդատյա է այդ գործը»,- նշեց նա։

 

Արմինե Ֆանյանը լիահույս է, որ այս գործով դատավորը քաջություն կունենա, չի վախենա հնարավոր ճնշումներից ու արդար որոշում կկայացնի։

 

«Այլ լուծում այս գործի պպարագայում ուղղակի չեմ պատկերացնում, ես չգիտեմ՝ ինչ պետք է գրեն այդ դատական ակտում, պետք է կարողանաս հիմնավորել այդ դատական ակտը, դրա համար ես կարծում եմ, որ այս գործի լուծումն այլընտրանք չունի, քան արդարացումն է։ Այո՛, ես հավատում եմ, որ Հայաստանում կան դատավորներ, ովքեր ունակ են այդ որոշումը կայացնելու, այն թվում այն դատավորը, ով այս գործը քննելու է»,- ընդգծեց փաստաբան Ֆանյանը։

 

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

 

Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

 

Ավելի ուշ՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ, քրեական գործ հարուցվեց նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ ու արգելվեց Կաթողիկոսին լքել երկիրը:

 

Մարտի 13-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին կրկին կանչել էին ՀՀ քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին էին Քննչական կոմիտե կանչել։

 

Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։