Ինձ համար առաջնահերթություն է Բաքվում պատանդառված հայ գերիների վերադարձը. Լիլիթ Գալստյան


Ինձ համար առաջնահերթություն է Բաքվում պատանդառված հայ գերիների վերադարձը. Լիլիթ Գալստյան
Օգոստոս 20 21:55 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

 

«Սիրելի հայրենակիցներ․

 

Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այս պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազորություն է/ ընդդիմությունն իրավունք ունի համամասնորեն ընտրվելու և մաս կազմելու ԱԺ ղեկավար մարմիններին/:

 

Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ ՀՅԴ –ին և Հայաստան խմբկացությանը՝ այս կարևորագույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։

 

Բնականաբար, մեր իրականության և Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել։

 

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքը դիտում ենք իբրև ծառայություն, հարթակ և գործիքակազմ, որը կփորձի Հայաստանի իրականության մեջ որոշիչ փոփոխություններ բերել և մեղմել երկրում տիրող ապօրինություններն ու անպատժելիության մթնոլորտը։

 

Հանձնաժողովը դիտարկում եմ ոչ միայն որպես օրինագծեր քննարկող, ապօրինությունները արձագանքող մարմին, այլև պրոակտիվ, մարդու իրավունքների համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։

 

Հայաստանում ոչ միայն պիտի երաշխավորված լինեն մարդու անօտարելի իրավունքները, սահմանադրական նորմերն ու օրենքի գերակայությունը, այլև դրանց իրացումը։

 

Մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է։

 

Գործունեությունս կրելու է ներառական բնույթ, այն է՝ մասնագիտական հանրության, քաղհասարակության և հանրության լայն շրջանակների ներգրավվածություն, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ սերտ աշխատանք։

 

Ինձ համար առաջնահերություններ են Բաքվում պատանդառված Հայ գերիների վերադարձը,

 

Քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքական նպատակադրումներով հետապնդումների բացառումը,

 

Միջազգային իրավունքով պաշտպանված արցախահայության բնական իրավունքները:

 

Դեպի առավել կենսունակ երկիր, ուր պաշտպանված են ՀՀ բոլոր քաղաքացիների/ազգային փոքրամասնությունների/ քաղաքական, սոցիալական և մշակութային իրավունքները, երկիր, որն ունակ է պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը։

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ!!!!!!։