«Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը:
Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»,- հայտնում է «Մայր Հայաստան» կուսակցությա անդամ Արեգնազ Մանուկյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա հուլիսի 9-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․Թ.-ի կողմից պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա․Մ․-ի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:Ա.Թ.-ի և Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- օգոստոսի 19-ին հայտնել էին քննչական կոմիտեից։










