«Եթե բարեփոխումը ռազմական ոստիկանության պետի պաշտոնում այլ համակարգից ինչ-որ մարդու բերել, նշանակելն է, ապա ես դա բարեփոխում որպես այդպիսին չեմ ընդունում», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Զինված ուժերում տեղի ունեցող դեպքերին և դրա հետևանքով իրականացվող փոփոխություններին։
Նրա խոսքով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ զորամասեր կատարած հանկարծակի այցերը նորություն չեն և ներկայացվում են որպես փոփոխության ցուցիչ, մինչդեռ նման այցերը տասնամյակներ շարունակ նախատեսված են եղել մարտական պատրաստության պլանով։
«Երբ ասում են՝ Պապիկյանը հանկարծակի այցեր է իրականացնում, նույն հանկարծակի այցերը տասնամյակներով, որպես այդպիսին, մարտական պատրաստության պլանում նախատեսված միջոցառումներ են։ Եթե պաշտպանության նախարարը կամ զինված ուժերի գլխավոր շտաբը առաջին անգամ են հանկարծակի այցերով գնում, դա շատ արդեն վատ է։ Եվ դա ներկայացնել որպես ինչ-որ բացառիկ երևույթ, ցույց տալ, որ «պայքարում ենք այդ արատավոր բարքերի դեմ», դա, բնականաբար, առնվազն մասնագիտական շրջանակների աչքում որպես այդպիսին փոփոխություն չի ընկալվում»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ Զինված ուժերում տեղի ունեցած միջադեպերից հետո առաջին հերթին պետք է իրականացվեն ծառայողական քննություններ, և միայն դրանց արդյունքներից հետո կարելի է որոշումներ կայացնել պատասխանատուների վերաբերյալ. «Դեպք է տեղի ունեցել։ Հիմնական խնդիրը, որը իշխանության առաջ դրվում է, ո՞րն է՝ այդ օրը կամ հաջորդ օրը միանգամից կադրային փոփոխություն է անում, սկսում են բոլորը խոսել, բոլորը խոսում են պատասխանատուների մասին և այլն, բայց տարրական բաներ կա, որոնք պետք է առաջին հերթին իրականացվեն։ Առաջին հերթին դա ծառայողական քննություններն են։ Մինչև ծառայողական քննություն չլինի, չավարտվի, չհասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ում պատասխանատվության դաշտում է եղել, առանց դրա որևէ որոշման կայացումը անթույլատրելի է»։
Նա նշեց, որ վերջին տարիներին միջադեպերից հետո հաճախ նախ տեղի են ունենում կադրային փոփոխություններ և պաշտոնյաների հասցեին հնչում են մեղադրանքներ, իսկ հանգամանքների պարզումը մնում է երկրորդ պլանում։Անդրադառնալով իշխանությունների կողմից «արատավոր բարքերի» վերացման մասին հայտարարություններին՝ Աբրահամյանը նշեց, թե իրականում ինչն է ներկայացվում որպես բարեփոխում։
«Երբ որ խոսում են արատավոր բարքերի վերացման մասին, շատ լավ, հիմա ո՞րն է դա։ Հանկարծանկի այցե՞րն են, դա ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նախկին ոստիկանապետի նշանակո՞ւմն է, դա բարեփոխո՞ւմ է»,- հարցադրումներ արեց Աբրահամյանը։
Նրա խոսքով, զինված ուժերի հետ առնչություն չունեցող անձի կողմից ոլորտի համակարգումը կարող է նախապես պայմանավորել դրա ձախողումը։
«Քաղաքական գործոնը, եթե նույնիսկ մի պահ դնենք մի կողմ, եթե այդ գերատեսչության աշխատանքները համակարգում է մի անձ, որ առհասարակ որևէ առնչություն չունի զինված ուժերի հետ, դա արդեն դրանով իր ձախողումը ապահովված է»,- նշեց Աբրահամյանը։
Նա նաև անդրադարձավ բանակում ինքնասպանությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների և այլ արատավոր երևույթների դեմ պայքարին՝ նշելով, որ դրանց մասին տարիներ շարունակ խոսելուց հետո միայն ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով. «Ութ տարի խոսում են նույն բանի մասին, ութ տարի խոսում են ինքնասպանությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների, արատավոր բարքերի մասին, այսինքն՝ ութ տարի անցավ, որոշեցին, որ ճանապարհը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծե՞լն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։










