Իմ դեմ այս գործերը հարուցվեցին իմ հնչեցրած երկու բառից հետո. Սամվել Կարապետյան


Իմ դեմ այս գործերը հարուցվեցին իմ հնչեցրած երկու բառից հետո. Սամվել Կարապետյան
Օգոստոս 20 17:17 2026

Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ժամանակ հանրային մեղադրողը հրապարակեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը։

Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։Դատավոր Վահե Դոլմազյանի հարցին՝ ներկայացված մեղադրանքում ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, Սամվել Կարապետյանն ասաց. «Իհարկե, ոչ»։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Կարապետյանն ասաց, որ բոլոր երեք քրեական գործերը բացարձակ իր հետ կապ չունեն։

Նա նշեց, որ իր դեմ այդ քրեական գործերը հարուցվեցին ի աջակցություն եկեղեցու հնչեցրած երկու բառից հետո. «Ոչ թե կոչից, այլ երկու բառից հետո։ Կոչ չէր եղել, եղել էր «մեր ձևով» բառերը»։ 

Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանն ի աջակցության եկեղեցու հայտարարել էր. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։ Դրանից անմիջապես հետո խուզարկություն էր իրականացվել գործարարի տանը։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ.  հունիսի 18-ին։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել  ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Այնուհետև  մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Դեկտեմբերի 30-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։