Որոշեցինք լքել նիստերի դահլիճը, քանի որ կոպտորեն խախտվեց կանոնակարգը. Տիգրան Աբրահամյան


Որոշեցինք լքել նիստերի դահլիճը, քանի որ կոպտորեն խախտվեց կանոնակարգը. Տիգրան Աբրահամյան
Օգոստոս 19 18:04 2026

«Նիստը վարողը շատ հաճախ նիստը վարելու փոխարեն զբաղված է լինում ելույթները մեկնաբանելով՝ կոնկրետ խմբակցության անունից»,- նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշեց, որ այս օրերին պարբերաբար ականատես են լինում՝ նիստը վարողը մեկնաբանում է պատգամավորների ելույթները։«Կոպտորեն խախտվեց կանոնակարգը, որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը, քանի որ Դավիթ Ղազինյանին ընթացակարգի խախտումով «խնդրեցին» լքել նիստերի դահլիճը»,- ասաց Տ.Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ ԱԺ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառեց կարգապահական պատասխանատվություն՝  հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով նաև այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դրանից հետո իրավիճակը լարվեց ԱԺ-ում, Ալեքսանյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Միջադեպից հետո ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։