Օգոստոսի 17–ին նախատեսված Բարսելոնա–Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան. ուղևորներից մեկը Sputnik Արմենիային հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա ճաքեր են առաջացել, վնասվել է ինքնաթիռի առաջամասը։
«Մեզ հայտնեցին, որ այդ ինքնաթիռով չվերթն իրականացնելը խիստ վտանգավոր է, այն պետք է վերանորոգվի, որի համար երկար ժամանակ է պետք։ Ստիպված էինք ավելի քան 6 ժամ սպասել, մինչև Երևանից նոր ինքնաթիռ կգար Բարսելոնա, որով էլ վերադարձանք հայրենիք»,–ասել է ուղևորը։
Թռիչքը պետք է տեղի ունենար Բարսելոնայի ժամանակով 20։35–ին և Երևան պետք է հասներ Երևանի ժամանակով 03։15–ին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ուշացման պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։
Բարսելոնա–Երևան 3F 232 չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։










