Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք: Այս մասին 2026-ի առաջին կիսամյակի ամփոփման մասին տված ասուլիսի ընթացքում ասել է ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը՝ պատասխանելով Մալիշկայի «ուրվականի» մասին հարցին։«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ընդգրկված են նշված անձի հայտնաբերման ուղղությամբ: Հայտնաբերման դեպքում հանրությանը կիրազեկենք»,- նշել է նա:
Հարցին, թե ինչու՞ է այսքան երկար տևում որոնողական աշխատանքը, և ինչու մինչ օրս գյուղում անհանգստություն առաջացրած «ուրվականը» չի հայտնաբերվել ոստիկանների կողմից, ոստիկանապետը պատասխանեց, որ այդպիսի դեպքեր էլ են լինում:
Հիշեցնենք, որ օրերս Shamshyan.com-ը հայտնել էր, որ տևական ժամանակ է Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։










