ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հարցին, որ Հայաստանում հնարավոր է հարցաքննեն Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։Զախարովան հայտարարել է, որ տեղի ունեցածը վկայում է «բարոյական և հոգևոր քայքայման» մասին, որին հանգեցնում է Եվրոպայի և Կիևի հետ Հայաստանի մերձեցումը։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն իրավիճակը կապել է Հայաստանում տեղի ունեցող այլ իրադարձությունների հետ, որոնք, նրա գնահատմամբ, վկայում են ընդհանուր պատմության և Հայրենական մեծ պատերազմի հիշատակի նկատմամբ անտեսման մասին։
«Չենք կարող այս հաղորդագրությունը դիտարկել Երևանի իրադարձությունների և քայլերի շարքից անջատ, որոնք նմանվում են բացահայտ ծաղրի՝ ուղղված ընդհանուր պատմությանն ու հիշատակին։ Ոչ ոք չի մոռացել, որ հանրապետության «ինքնիշխան» քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները իրենց մեջ քաջություն չգտան զսպելու Զելենսկուն, որը Հայաստանի մայրաքաղաքից սպառնում էր հարվածներ հասցնել Կարմիր հրապարակում անցկացվող Հաղթանակի շքերթին։ Գերազանց հիշում ենք նաև Հայաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններից մեկի նորանշանակ ղեկավարի հրապարակային փորձերը՝ արդարացնելու նացիստներին, ինչպես նաև բացարձակապես շինծու պատրվակներով հանրապետության վետերանների միության նախագահի տնային կալանքը նախընտրական շրջանում։ Այժմ արդեն «ժողովրդավարական» եվրոպական չափանիշների անցնող հայկական արդարադատությունը հասել է նաև Ռ. Ս. Աբգարյանին»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան 103-ամյա վետերանին և պատերազմի մյուս մասնակիցներին անվանել է պատմական հիշողության և բարոյական ուղենիշների պահապաններ՝ ընդգծելով նրանց դերը նացիզմի նկատմամբ հաղթանակի հիշողությունը պահպանելու գործում։
Դիվանագետը հիշեցրել է նաև, որ Հայաստանի ղեկավարությունը նախկինում բազմիցս հանդիպել է Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում՝ Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի՝ Աբգարյանը, իր կենսափորձի և բնավորության շնորհիվ, կկարողանա հաղթահարել առաջիկա հարցաքննությունը։ Միաժամանակ Զախարովան հայտարարել է, որ վետերանների դեմ ուղղված գործողությունները վկայում են պատմական հիշողության նկատմամբ հարգանքի կորստի մասին։










