ՀՀԿ-ն մշտապես իր մտահոգությունն է հայտնել նման ծրագրի վերաբերյալ եւ նույնիսկ 2025-ի օգոստոսի 11-ին հատուկ ԳՄ հայտարարություն է ընդունել։
Հիշեցնեմ՝ 2025-ի օգոստոսի 11-ի ՀՀԿ ԳՄ հայտարարության առանցքային կետերը.
«Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։
Մասնավորապես՝
Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։
Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։
Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։
Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը»։
ՀՀԿ ԳՄ-ն 2025-ի օգոստոսի 11-ի հայտարարությամբ
պահանջում էր.
ա)օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:
բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ»։
Անդրադառնալով տարածաշրջանային իրական ու երկարաժամկետ խաղաղությանը՝ ՀՀԿ-ն իր մոտեցումները հստակ ձեւակերպմամբ ներկայացրել է.
«Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ ՀՀԿ-ն չի կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը»։
Ինչպես 2025-ի օգոստոսին, այնպես էլ այսօր ՀՀԿ-ն իրական ու արժանապատիվ կայուն խաղաղության կողմնակից է, բայց ոչ երբեք խաղաղության սոուսի տակ միակողմանի զիջումների իրականացման»։










