Արարատի մարզի երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Տափերական, Փոքր Վեդի հարևան գյուղերի բնակիչներն ուշքի չեն գալիս։
Վթարի հետևանքով մոխրացածներն այս գյուղերի բնակիչներն են. ողջ-ողջ այրվածները հարազատներ են՝ 29-ամյա տղան, մայրն ու մորաքույրը։ Վերջինը Փոքր Վեդի գյուղից է։ Նույն մեքենայի մեջ գտնվող երիտասարդ կինը մահացած տղամարդու եղբոր կինն է, նա ծանր վնասվածքներով գտնվում է երևանյան բժշկական կենտրոններից մեկում։
Ըստ տեղեկությունների, հարվածի հետևանքով ավտոմեքենան դեֆորմացվել է, դռները բացել չի հաջողվել, ինչի հետևանքով էլ ուղևորները ամբողջությամբ այրվել են։ Միայն դռներից մեկի կիսաբաց պատուհանից կարողացել են մի կերպ դուրս բերել հարսին։
Համագյուղացիները պատմում են, որ մահացածները համեստ, աշխատասեր մարդիկ են, վերադառնալիս են եղել հարազատներից մեկի տանից։
Այսօր նրանց հոգեհանգստի արարողությունն է։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ վթարի հետևանքով մոխրացել են Արմեն Ս․-ն, ուղևորուհիներ՝ Արարատի մարզի բնակիչներ 61-ամյա Բելա Թ․-ն և 56-ամյա Սեդա Թ․-ն։
Վթարի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի երեկոյան Արարատի մարզի Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։










