Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում ընդունեց և Հանրային հեռուստաընկերությանը 27,756,080․0 ՀՀ դրամ հատկացրեց չինական ընկերության պարտավորությունները մարելու համար։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրով Չինաստանի կառավարությունը համաձայնել է աջակցել ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման հարցում:
2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական կողմը պարտավորվում է ազատել ապրանքները և ծառայությունները հարկերից և մաքսատուրքերից, ինչպես նաև նույն համաձայնագրի շրջանակներում իր վրա է վերցնում պարտադիր ծախսերը:
Միաժամանակ 2023 թվականի հունիսի 2-ին կնքված Իրագործելիության պայմանագրի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ հայկական կողմը պետք է ազատի չինական կողմին Հայաստանի Հանրապետությունում Նախագծի իրականացմամբ պայմանավորված վճարման ենթակա հարկերից և տուրքերից. Մասնավորապես 10.1.1 կետով սահմանվում է․
«10.1.1 Նախագծի իրականացման համար նախատեսված սարքավորումների, նյութերի, մատակարարումների և շինարարական մեքենաների, Չինաստանի կամ որևէ մի երրորդ պետության կողմից չինական կողմի անձնակազմի համար ձեռքբերված կենսական անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկեր և մաքսատուրքեր»
Միևնույն պայմանագրի 10.2 կետով սահմանվում է, որ
«10.2 Հայկական կողմը՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն փոխհատուցելու է հարկային գործակալի կողմից հաշվարկված և վճարվող եկամտային հարկի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև չինական կողմի համար շահութահարկի գծով հաշվարկված և վճարման ենթակա գումարները:
Հիմք ընդունելով 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածը և 2023 թվականի հունիսի 2-ին կնքված Իրագործելիության պայմանագրի 10-րդ հոդվածը, նախագծի ընդունմամբ ակընկալվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 27,756,080․0 ՀՀ դրամ գումար հատկացնել Հանրային հեռարձակողի խորհրդին՝ չինական կողմի հարկային պարտավորությունների, պարտադիր վճարների և ծախսերի գծով գումարների փոխհատուցման նպատակով»:










