Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները։
Նախ, վերլուծենք այս թեզը տրամաբանության դիրքերից։ «Ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են մարդու հիմնարար իրավունքները։ Ուստի «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է։
Այժմ վերլուծենք այս թեզը բարոյականության դիրքերից։ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ու էական չէ, թե ո՛րն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շահը (բոլշևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի։ Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան։










