Ազգը կարող է ունենալ սահմաններ, բանակ, հարստություն, բայց եթե կորցնի իմաստնությունը, վաղ թե ուշ կկորցնի նաև մնացած ամեն ինչ


Ազգը կարող է ունենալ սահմաններ, բանակ, հարստություն, բայց եթե կորցնի իմաստնությունը, վաղ թե ուշ կկորցնի նաև մնացած ամեն ինչ
Հունիս 25 18:29 2026

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում՝ Սրբոց թարգմանչաց տոնի առթիվ.

«Որտեղ ձեր գանձն է, այնտեղ է նաև ձեր սիրտը» (Ղուկ․ ԺԲ 34)

«Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ,

Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,

Այսօր Հայոց Եկեղեցու ամենալուսավոր տոներից մեկն է՝ «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ», մեր ընտրյալ ժողովրդի մտքի լուսավորիչների, որոնք ոչ միայն գիր են ստեղծում, այլև մի ողջ ժողովրդի հոգի վերածնում, ոչ միայն Սուրբ Գիրքն են թարգմանում, այլև Աստծո խոսքը սերմանում հայ մարդու սրտում։ Եթե Սուրբ Գրիգոր Լուսավորչով հայ ազգը հարում է Քրիստոսին, ապա Սուրբ Սահակն ու Սուրբ Մեսրոպը Քրիստոսին են բերում հայ մարդու տուն, ընտանիք, հոգի ու միտք։

Եթե Լուսավորչի միջոցով Հայաստանը դառնում է քրիստոնյա, ապա Թարգմանիչների միջոցով քրիստոնեությունը հայանում է։ Աստծո խոսքը նման է աղբյուրի. որքան մոտենում ես, այնքան ավելի շատ ես խմում։ Բայց ինչպե՞ս պիտի լսվեր Աստծո ձայնը, եթե այն մայրենի լեզվով դեռ չէր հնչում։ Ահա թե ինչու մեսրոպյան գրերը պարզապես հայերեն տառանշաններ չեն։ Դրանք Աստծո հայահունչ ձայնանիշներն են։

Այսօրվա առաջին ընթերցվածքի մեջ Սողոմոնի Իմաստությունից լսեցինք.

«Եթե մարդ արդարություն է սիրում, ապա նրա վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև սովորեցնում է գիտություն և խորագիտություն, արդարամտություն և արիություն» (Իմաստ․ Ը 7)։ Այս խոսքերը կարծես նկարագրությունն են Սուրբ Թարգմանիչների առաքելության։ Նրանք գիտակցում են, որ ժողովրդի փրկությունը միայն քաղաքական կամ ռազմական խնդիր չէ։ Ազգը կարող է ունենալ սահմաններ, բանակ, հարստություն, բայց եթե կորցնի իմաստությունը, վաղ թե ուշ կկորցնի նաև մնացած ամեն ինչ։ Դրա համար սկսում են կրթությունից, սկսում են գիտությունից, սկսում են Աստծո խոսքից։

Սուրբ Եղիշե վարդապետը դարեր առաջ հակիրճ ձևակերպում է այս մեծ ճշմարտությունը. «Ամեն չարիք մտնում է մարդու միտքը անկրթությունից»։ Տգիտությունը պարզապես գիտելիքի պակասը չէ։ Այն հոգևոր հիվանդություն է, խավար, որի մեջ մարդը կորցնում է բարու և չարի տարբերակումը, ճշմարտության և կեղծիքի սահմանը, իրական արժեքը խաբուսիկ փայլից զանազանելու կարողությունը։ Սուրբ Թարգմանիչները նախ լծվում են լուսավորության գործին՝ թարգմանելով Սուրբ Գիրքը, որպեսզի հայ մարդը ճանաչի Աստծո իմաստությունը։ Թարգմանում են նաև մարդկության գիտական լավագույն նվաճումները․ «Իմաստությունը լույս է մտքի համար, ինչպես արևը՝ տեսանելի աշխարհի համար»,- ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Հետևաբար, կրթությունն ու գիտությունը, մասնագիտությունից ավելի, Աստծո պատկերը վերագտնելու ճանապարհ են։