«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընտրողների հետ հանդիպման էր մասնակցում, որտեղ ներկայացել էր թանկարժեք հագուստով և զարդերով։
Լուսանկարներում երևացող Max&Co բրենդի ծաղկային նախշերով կարդիգանի արժեքը, ըստ վաճառքի կայքերի, շուրջ 344 դոլար է։ Նույն ապրանքանիշի ջինսե կիսաշրջազգեստը վաճառվում է շուրջ 24 հազար ռուբլով, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ 300 դոլարի սահմաններում է։
Հագուստը լրացվում էր APM Monaco բրենդի զարդերով։ Վզնոցի արժեքը գնահատվում է մոտ 333 դոլար, իսկ ականջօղերինը՝ 185 եվրո։
Այսինքն՝ միայն հրապարակային լուսանկարներում երևացող հագուստի և զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1100-1200 դոլարը՝ առանց կոշիկների, պայուսակի, ժամացույցի և մյուս աքսեսուարների։
Սա, սակայն, առաջին դեպքը չէ, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները հանրային քննարկման թեմա են դառնում։ Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր նախարարի մեկ այլ հրապարակային կերպար, որի ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ 2,2 մլն դրամ։ Այդ լուքում ներառված էին շուրջ 3132 դոլար արժողությամբ պայուսակ, մոտ 180 հազար դրամ արժողությամբ գոտի, շուրջ 600 հազար դրամ գնահատվող վագրային նախշերով կոշիկներ, ինչպես նաև կոստյում՝ 106 հազար դրամ արժողությամբ։
Իսկ օրեր առաջ նոր ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ավանեսյանը կրել էր իտալական PINKO բրենդի Grottaglie Gilet մոդելը, որի արժեքը շուրջ 305 դոլար է։
Իհարկե, յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ նախարարը, իրավունք ունի հագնվել այնպես, ինչպես ցանկանում է և ինչպես թույլ են տալիս իր հնարավորությունները։ Սակայն խնդիրն այստեղ քաղաքական և բարոյական ուղերձն է, որը նման պատկերները փոխանցում են հասարակությանը։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21.7 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ մեր երկրում թերսնված բնակչության թիվը հասնում է շուրջ 560 հազարի։
Միևնույն ժամանակ, առողջապահական համակարգում շարունակում են մնալ բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Քաղաքացիները դժգոհում են դեղերի գներից, բուժօգնության հերթերից, մարզերում մասնագետների պակասից և առողջապահական ծառայությունների հասանելիությունից։
Եվ հենց այդ ֆոնին է, որ պաշտոնյաների ցուցադրական շքեղությունը դառնում է ոչ թե նորաձևության, այլ քաղաքական պատասխանատվության և հանրային զգայունության հարց։ Ավելին՝ այն դառնում է խորհրդանշական պատկեր այն բևեռացման, որը տարիների ընթացքում ձևավորվել է իշխանության բարձրագույն օղակների և հասարակության սոցիալապես խոցելի շերտերի միջև։ Մի կողմում հարյուրավոր և հազարավոր դոլարների արժողությամբ զարդերն ու բրենդային հագուստն են, մյուս կողմում՝ հազարավոր ընտանիքներ, որոնք ամեն ամիս հաշվարկում են, թե ինչպես վճարեն դեղերի, սննդի և բուժման համար։ Այդ հակադրությունն է, որ այսօր ավելի բարձր է խոսում, քան ցանկացած նախընտրական ելույթ»։










