«Հրապարակ»-ը գրում է․ Հանրապետության օրվա առթիվ Զինված ուժերի ներկայացուցիչների պարգեւատրման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ինչպես հայտնի է, Փաշինյանի որոշմամբ՝ բարձրագույն պարգեւի են արժանացել փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը` «Լամպըչկա» մականունով, եւ պաշտպանության մյուս փոխնախարար Կարեն Բրուտյանը, որոնք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներ են ստացել։
Բանն այն է, որ ԶՈՒ-ում երկուսին էլ յուրային չեն համարում, առավել եւս՝ երկուսն էլ չեն փայլում իրենց մասնագիտական կարողություններով։ Արման Սարգսյանը, ըստ համակարգի մեր աղբյուրների, միջակ կառավարիչ է, իսկ Բրուտյանի մասին պատմում են, որ օրվա մեծ մասը սթափ վիճակում չէ, եւ նա էլ է եկվոր՝ ֆինանսական համակարգից:
Նաեւ, ըստ լուրերի, փողի հանդեպ մեծ սեր ունի, եւ Փաշինյանը, իմանալով այդ մասին, 2021-ին նրան տեղափոխել է ՊՆ՝ նախարարի տեղակալի պաշտոնին։ Տարիների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, այնուհետեւ՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։










