«Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցի շուրջ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաստատելով ավելի վաղ հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը չի կարող միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ հանդիսանալ, նաև վերահաստատելով ԵԱՏՄ երկրների առաջնորդների հայտարարությունը, որով Հայաստանի իշխանությանը կոչ է արվում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ կազմում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ։
Պուտինը նշել է՝ ինչ հետևանքներ կկրի Հայաստանի տնտեսությունը, եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նա գրեթե ուղիղ տեքստով նշել է՝ Ռուսաստանը կբարձրացնի էներգակիրների գները։
«Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի 14 տոկոսը, եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառով էներգակիրների գները ստիպված բարձրացվեն»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ էլ ՌԴ նախագահը հայտարարել էր՝ Հայաստանում ծավալվող իրադարձությունները հիշեցնում են՝ ինչպես սկսվեց ճգնաժամն Ուկրաինայում։ Իրավիճակի նմանությունն ակնհայտ է։










