Օդում՝ կյանք փրկող րոպեներ․ ինչպե՞ս են բժիշկները գործում ինքնաթիռում անհետաձգելի իրավիճակներում


Օդում՝ կյանք փրկող րոպեներ․ ինչպե՞ս են բժիշկները գործում ինքնաթիռում անհետաձգելի իրավիճակներում
Մայիս 19 14:21 2026

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.

«Բժշկի առաքելությունը սահմաններ չի ճանաչում․ թե՛ ցամաքում, թե՛ օդում նա մնում է իր կոչմանը հավատարիմ՝ յուրաքանչյուր իրավիճակում պայքարելով մարդկային կյանքի և առողջության համար։

Կարճ ժամանակ առաջ Երևան-Պրահա թռիչքի ընթացքում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկներ՝ Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ-մանկաբույժ Նուշիկ Շիրինյանը և Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության բժիշկ, մանկական դիմածնոտային վիրաբույժ Քնար Սարդարյանը, առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել մի ուղևորի, ում մոտ առկա էին գաստրիտի հետևանքով առաջացած փսխումներ, սինկոպե և գիտակցության կորուստ։

Օդային ճանապարհորդություններն այժմ շատ տարածված են, և չնայած թռիչքները հիմնականում անվտանգ են, երբեմն կարող են առաջանալ բժշկական անհետաձգելի իրավիճակներ։ Կարևոր է հասկանալ, թե ինչ առանձնահատկություններ ունի օդանավում օգնության կազմակերպումը։ Օդանավի սրահում ճնշումը և թթվածնի մակարդակը փոքր-ինչ ցածր են, քան երկրի մակերևույթին։ Սա կարող է նպաստել որոշ հիվանդությունների սրմանը, հատկապես՝ սրտանոթային, շնչառական, նյարդաբանական։ Բացի այդ, երկարատև նստած դիրքը կարող է առաջացնել ճնշման անկում, թուլություն, նույնիսկ ուշագնացություն։ Նշված մթնոլորտային առանձնահատկությունների պատճառով որոշ սարքեր, ինչպիսիք են տոնոմետրը, պուլսօքսիմետրը, աշխատում են ոչ ճշգրիտ, և վիճակի ճիշտ գնահատումը դժվարանում է։ Օդանավերում առկա առաջին բուժօգնության միջոցները սահմանափակ են՝ թթվածին, երբեմն որոշ դեղեր, ավտոմատ դեֆիբրիլյատոր։

Եթե ուղևորի վիճակը վատանում է, առաջին հերթին գնահատվում են նրա գիտակցությունը, շնչառությունը և սրտի աշխատանքը։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է առաջին բուժօգնություն՝ ապահովելով թթվածին, հարմար դիրք և համապատասխան միջամտություն։

Ամենահաճախ հանդիպող խնդիրներից են՝

• ուշագնացություն

• շնչառական դժվարություններ

• կրծքավանդակի ցավ

• ալերգիկ ռեակցիաներ

• հիպոգլիկեմիա՝ գլյուկոզայի մակարդակի իջեցում արյան մեջ Նման իրավիճակներում պետք է իմանալ, ինչպես վարվել՝

• ուշագնացության դեպքում՝ պառկեցնել, բարձրացնել ոտքերը, ապահովել օդ/թթվածին,

• շնչառական դժվարությունների դեպքում՝ նստեցնել կիսանստած դիրքով, ապահովել թթվածին,

• կրծքավանդակի ցավի դեպքում՝ նստեցնել, ապահովել հանգիստ, թթվածին, գնահատել այլ միջոցառումների անհրաժեշտությունը,

• ալերգիկ ռեակցիայի դեպքում՝ հնարավորության դեպքում հեռացնել ալերգենը, ապահովել հանգիստ, թթվածին, ծանր դեպքերում կիրառել էպինեֆրին,

• հիպոգլիկեմիայի դեպքում՝ տալ քաղցր հեղուկ կամ շաքար,

• սրտի կանգի դեպքում՝ անմիջապես սկսել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, ըստ անհրաժեշտության կիրառել դեֆիբրիլյատոր, շարունակել մինչև մասնագիտական օգնության հասնելը։

Որոշ իրավիճակներում կարող է անհրաժեշտ լինել օդանավի արտակարգ վայրէջք՝ ուղևորին հնարավորինս արագ հիվանդանոց տեղափոխելու համար։ Կարևոր է հիշել, որ նման իրավիճակներում արագ արձագանքը և ճիշտ գործողությունները կարող են փրկել կյանք։ Եթե ինքնաթիռում գտնվում է բուժաշխատող, նրա օգնությունը կարող է վճռորոշ լինել»։