Հայաստանը կորցնում է մարդկանց․ երիտասարդները հեռանում են, որովհետև իրենց կարողություններին համապատասխան շուկա այստեղ չկա։ Ընտանիքները հետաձգում են երեխաների ծնունդը․ կնոջ համար երեխայի և կրթության միջև ընտրությունը վերածվել է ծուղակի։ Սևանում ուսուցիչը երբեմն ավելի շատ հարկ է վճարում, քան Երևանում բիզնես եկամուտներով ապրող ընկերության սեփականատերը, և միաժամանակ իր երեխային ուղարկում է դպրոց, որտեղ ֆիզիկայի ուսուցիչ չկա։
Այսպես կառուցված է։ Դա կարգախոսով չես փոխի:
Երկրի առաջ դրված են նախագծեր` բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն Արմավիրում և Արարատյան դաշտում, նոր ատոմակայան Մեծամորում, տվյալների մշակման կենտրոն Հրազդանում, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ, պաշտպանություն։ Այս նախագծերից յուրաքանչյուրն աշխատատեղեր և հարկային բազա է տասնամյակների համար։ Յուրաքանչյուրը պահանջում է մասնագետներ (կադրեր): Ոչ թե պարզապես նոր, այլ՝ նոր որակի մասնագետներ:
Որպեսզի այդ մասնագետներն (կադրերն) ի հայտ գան, պետք է փոխվի հենց նրանց պատրաստման համակարգը։
Ուստի, առաջարկում ենք վեց ուղղություն։
1. Պետական պատվեր
Պետությունը պետք է իմանա և բարձրաձայն ասի՝ ում և որքան մասնագետի կարիք ունի։ Կրթության և գիտության հարցերի նախարարությունն ամեն տարի պետք է հրապարակի պետական պատվեր․ ատոմակայանի համար՝ կոնկրետ մասնագիտացման այսքան ինժեներ, տվյալների կենտրոնի համար՝ այսքան մասնագետ, ջերմոցային կլաստերների համար՝ այսքան գյուղատնտես և ոռոգման ինժեներ, մարզային դպրոցների համար՝ այսքան ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ։ Սրանք այն մասնագիտություններն են, որոնք իրականում անհրաժեշտ են երկրին։
Պետական պատվերով կրթությունն անվճար է և երաշխավորված պետության կողմից՝ բոլոր հավատարմագրված ծրագրերում, պայմանով, որ ավարտելուց հետո մի քանի տարի պետք է աշխատեն Հայաստանում, հիմնականում՝ Երևանից դուրս։ Պետությունը վճարում է կրթության համար, մարդը վերադարձնում է դա հասարակությանը՝ իր աշխատանքով և ժամանակով։
Այսպես Գյումրիում, Գավառում կամ Կապանում սեղանի շուրջ նստած ընտանիքն ու դիմորդը ստանում են փաստաթուղթ, որտեղ հստակ գրված է․ այս մասնագիտությունը պետք է երկրին, աշխատատեղը երաշխավորված է, ուսումը՝ անվճար։ Սա փոխում է ծնողի և երեխայի խոսակցությունը։
2. Կարողությունների վերափոխում
Եթե փոխվում է շրջանավարտից պահանջվող որակը, պետք է փոխվի դպրոցը։ Եթե փոխվում է դպրոցը, պետք է փոխվի ուսուցիչը։ Այդ պատճառով բարեփոխումը սկսվում է հենց կրթական համակարգի ներսից և այնտեղից տարածվում է դուրս։
Պետությունը կստեղծի մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնների ցանց՝ եվրոպական և ասիական համալսարանների հետ համագործակցությամբ։ Ուսուցիչը երեք տարին մեկ պետք է անցի վերապատրաստում, բժիշկը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ պետական ծառայողը՝ մշտապես ու այս ամենը պետք է լինի անվճար։










