«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)


«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Մայիս 13 20:39 2026

Գեղարքունիքի մարզի բնակիչների մի մեծ խումբ այցելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին՝ քննարկելու երկրին ու մարզին առնչվող խնդիրները, լսելու Սամվել Կարապետյանի առաջարկները՝ դրանց լուծման ուղղությամբ։

Հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն փաստել է՝ գործող իշխանության օրոք Գեղարքունիքում խնդիրները ոչ թե լուծվել են, այլ ավելացել են. մարզում բնակչության բնական աճը նվազել է 30 տոկոսով, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է, Գեղարքունիքում աղքատության մակարդակը 28 տոկոսի է արդեն հասնում, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը նվազել են...

Սամվել Կարապետյանը շեշտել է ՝ գործող իշխանությունն այս և այլ խնդիրները նոր գցված «ասֆալտով» է ուզում կոծկել։

«Բակում կամ ճանապարհին ասֆալտ տեսնելն իմ թվարկած խնդիրների 1 տոկոսն էլ չարժի»,- ասել է նա։

«Մարզերն ահավոր տեմպով են աղքատանում, ո՛չ ապահովագրությունը, ո՛չ թոշակները չեն նպաստում, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանա։

Հասկանալով այս բոլոր պրոբլեմների լրջությունը, պետք է միասին ցուցաբերենք շատ մեծ հայրենասիրություն, կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին բերած այս թույլ, անիմաստ իշխանությանը, որովհետև ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այս տարածքներում մարդիկ չապրեն։

Փաշինյանը կարող է այդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրել՝ միասին քշելու, բայց մենք պետք է թույլ չտանք, կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները՝ այն, ինչը կատարվում է մեր հայրենիքի և ձեր մարզի հետ»,- դիմելով Գեղարքունիքի բնակիչներին՝ ասել է Սամվել Կարապետյանը։