Հայաստանն առաջին անգամ ընդունել է Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ 30 երկրից։ Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կայացած մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 84 մեդալ՝ 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե։ Հայաստանի հավաքականը նաև դարձել է թիմային հաշվարկի հաղթող։ Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի։ Երրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը։ Մրցումներն անցկացվել են տարբեր տարիքային խմբերում ու անցել են դիտարժան պայքարում` լեփ-լեցուն տրիբունաների ներքո։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով մրցաշարի համար Երևան էին ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։










